«Վովա Գասպարյանը կարո՞ղ է ասել, թե ինչով է մտածում իր միլիցեն, երբ հարվածում է կնոջը: Աղջկան փողոցում խփում, տանում ես, մտածո՞ւմ ես, որ կարծիքի ազատության դեմ ես աշխատում: Կատարվածի համար այս իշխանություններին հերթական դիմումն ու հայտարարությունն ուղարկելն իմաստ չունի: Այս իշխանությունների հետ բոլոր խոսակցություններն ավարտված են, որեւէ գործուն միջոց ինձ եւ մեր կազմակերպությանը դեռ հայտնի չէ, թե ինչպես կարելի է էշ միլիցոնց կարգի բերել»,- անդրադառնալով երեկ ոստիկանական բաժանմունքում լրագրող Անի Գեւորգյանին ապտակելու դեպքին` ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքով, վերջին 12 տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ 200-ից ավելի հարձակում է եղել, բայց կիսաբացահայտվել է ընդամենը 3-4 դեպք. «Մնացածի դեպքում ոստիկանությունն անկարող է եղել բացահայտել: Էլ հաղորդում տալը ո՞րն է: Հիմա Անին, որ հաղորդում տվեց, ոստիկանությունում էլ ուսումնասիրեցին, հարվածող միլիցեն էլ ասաց` հորս արեւ, ես չեմ հարվածել, չիպերն էլ դատարկ են եղել, դատարկ ենք վերադարձրել: Հետո՞ այդքան ժամանակ, թուղթ գրել, բացատրություն տալ, այդ բոլոր գործիքներն իրենց վաղուց սպառել են»:
Պարոն Բարսեղյանի կարծիքով, ոստիկանների քայլերը`ամեն կերպ «Մարտի 1-ի» հանրահավաքի իրազեկումը կանխելու ուղղությամբ ոչ թե կանխարգելիչ, այլ լայնամասշտաբ իրազեկմանն է նպաստում. «Գուցե դա հատուկ են անում եւ չեն սիրում Սերժ Սարգսյանին ու որոշել են, որ իրազեկումը լինի լայնամասշտաբ եւ հանրությունն իմանա դրա մասին: Հիմա մարդիկ ավելի լավ են տեղեկանում, թե ինչ պետք է տեղի ունենա մարտի մեկին»:
Անդրադառնալով երեկ ՀՀԿ-ՀԱԿ երիտասարդների միջադեպին՝ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի արձագանքին, թե «այսուհետեւ նման դրսեւորումները իր պատասխանը ստանալու են» , պարոն Բարսեղյանն ասաց. «Փուչիկի ականավոր մասնագետների մտքերը իրենց իսկ պետք է հասկացնեին , որ ոչինչ անհետեւանք չի մնում բնության մեջ: Անպայման հատուցվելու են: Եթե գտնում են, որ մարդկանց ազատ կարծիքի արտահայտման դեմ պիտի ֆիզիկական բռնություն գործադրվի, պետք է հասկանան, որ այդ արտահայտությունն անելիս իրենք էլ են կարծիք արտահայտում եւ այդ կարծիքը, եթե որեւէ մեկին դուր չգա, անպատասխան չի մնալու եւ համարժեք պատասխան է տրվելու: Բայց այդ ժամանակ Վովային կանչել, Սերժիկին կանչել, կարող է ինքը չհասցնի: Եկել ենք հասել այնտեղ, որ պատգամավոր իրեն համարող մարդը որոշել է, որ ազատ կարծիքի պատասխանը պետք է լինի ֆիզիկական ուժը: Այդ մարդը տեղյակ չէ, որ օրենքներում գրված է՝ եթե հանցակազմ կա խոսքի մեջ, պետք է դատարան դիմել, ոչ թե ֆիզիկական ուժ բանեցնել»:
Կարդացեք նաև
Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան, թե արդեն պարզե՞լ են, ով էր լրագրողին քաղաքացիական հագուստով ապտակողը, Ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը միայն ասաց. «Նման դեպքերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում, դրա հետ կապված ուսումնասիրություն է կատարվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ