Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարան է ուղարկվել պատասխանը

Փետրվար 13,2014 14:15

Կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի:

Նա թերթի առաջին էջում իր վերաբերյալ լուրը համարել էր վիրավորանք, զրպարտություն եւ պահանջում էր վիրավորանք, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել, վերականգնել պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը:

Առաջին ատյանը եւ վերաքննիչ դատարանը մերժել են Սեդրակ Հովհաննիսյանի հայցը, եւ նա դիմել էր Վճռաբեկ դատարան:

Երգահան Հասմիկ Մանասերյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Բաղդասարյանը 12 էլեկտրոնային էջից բաղկացած պատասխան է ուղարկել Վճռաբեկ դատարան, խնդրել է այդ բողոքը վերադարձնել, իսկ ընդունելու դեպքում էլ ուժի մեջ թողնել վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. թիվ ԵԿԴ-0532/02/13 որոշումը:

Ըստ Արմեն Բաղդասարյանի, Սեդրակ Հովհաննիսյանի կողմից Հ. Մանասերյանի վերաբերյալ արտահայտվածը հրահրող, զրպարտչական արտահայտություններ են, իսկ Աշոտ Հովնանյանն էլ վիրավորական արտահայտություններ չի արել:

Հիշեցնենք, որ Սեդրակ Հովհաննիսյանն ասել էր, թե ճանաչված երգահանն իր երգերն է գողացել:

«Սեդրակ Հովհաննիսյանի վերաբերյալ համապատասխան հայտարարություններ արվել են ի պատասխան վերջինիս կողմից հրահրող, զրպարտչական հայտարարությունների, այսինքն՝ Սեդրակ Հովհաննիսյանի կողմից դրսեւորած վարքագիծը ողջամտորեն հիմքեր է տալիս՝ հայցվորի վերաբերյալ համապատասխան դատողություններ անելու համար: Իր ենթադրյալ հեղինակային իրավունքների պաշտպանության հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործին հայցվորը արհեստական հնչեղություն տալով՝ տարբեր լրատվամիջոցներով զրպարտչական հայտարարություններ է արել պատասխանող Հասմիկ Մանասերյանի վերաբերյալ»,- իր պատասխանում գրել է Արմեն Բաղդասարյանը: Փաստաբան Արմեն Բաղդասարյանը հղում էր արել օրինական ուժի մեջ մտած, հեղինակային իրավունքի վիճարկման հետ կապված դատական ակտին, համաձայն որի՝ «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ սիրելիս, պետք չէ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս» ստեղծագործությունների ինչպես բառերի, այնպես էլ մեղեդիների հեղինակը ճանաչված երգահան Հասմիկ Մանասերյանն է:

Ի դեպ, վերը նշված հեղինակային իրավունքի վիճարկման գործի կապակցությամբ «Առավոտ» օրաթերթի անցյալ տարվա փետրվարի 14-ի համարում տպագրվել էր «Հայցվորի ներկայացուցիչը Մանասերյանին դրածո անվանեց, իսկ երգահանը հայցվորին՝ խելքը գցած» վերնագրով հոդվածը: Հոդվածում մասնավորապես ասվել էր այն մասին, որ 81-ամյա կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դատի է տվել երգահան Հասմիկ Մանասերյանին, ապա մեջ էր բերվել հայցվոր Սեդրակ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վիկտոր Բաղտագուլյանի հետ զրույցը, որը հայտարարել էր. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հասմիկ Մանասերյանը գրագող է»:

«Առավոտն», ի դեպ, լսել էր նաեւ երկրորդ կողմին: Կապվեցինք Հասմիկ Մանասերյանի հետ: «Նա դատը չի շահել: Շահելու դատ չի ընդհանրապես: Ամոթ է, որ ինքն այդպիսի բան է անում: Ինձ թվում է՝ մեծ մարդ է, խելքը գցել է, արժե՞ նրա խելքին ընկնել»,- հեռախոսով ասաց երգահանը: Իսկ նրա որդին՝ Աշոտ Հովնանյանը «Առավոտին» ասել էր. «Էդ խնդիրը ինքն է բարձրացրել, մի 6 ամիս առաջ եկավ մեր տուն, ասաց, որ Հասմիկ Մանասերյանի երգերը շատ է սիրում: Հետո տեսավ՝ մայրս համեստ կին է, մտածեց՝ սպասիր երգերը ձեռքից գողանամ»:

Վճռաբեկ դատարան ուղարկված իր պատասխանում երգահանի եւ նրա որդու ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը դատարանի ուշադրությունն է հրավիրում եղած փաստերին եւ գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ, ըստ նրա՝ դրանք մեծ կարեւորություն են ներկայացնում գործի քննության համար եւ մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Փաստաբանը հղում է անում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որտեղ հստակ տարանջատում կա փաստերի եւ գնահատող դատողությունների միջեւ. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է եւ նման պահանջի խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728