Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել են ներմուծման և արտահանման արտոնություններ, ճշտվել է պետական ավտոճանապարհների անվանացանկը

Փետրվար 13,2014 13:38

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ներդրումային ծրագիրն ընդլայնվում է

Լոռի-Բերդի խաչքարը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կցուցադրվի մինչև 2017 թվականը

Գյումրու օրինակով տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում

Սահմանվում են ծառայողական վկայականների միասնական չափորոշիչներ

 

 

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշմամբ «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է մինչև 2014թ.  սեպտեմբերի 1-ը, լրացրել ներմուծվող սարքավորումների ցանկը, ինչը հնարավորություն կտա ավելացնել  ընկերության արտադրական հզորությունը, ստանալ մրգահյութի արտադրության որակյալ հումք: Այժմ ընկերությունը մտադիր է սկսել ծրագրի երկրորդ փուլը, ներդրումները 1.6 մլրդ դրամից հասցնել 2.2 մլրդ դրամի և ձեռք բերել նոր, արդիական սարքավորումներ: Ընկերությունն արդեն իսկ ստեղծել է 102 աշխատատեղ:

Կառավարությունը մինչև 2017թ. փետրվարի 15-ը երկարաձգել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը: 2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում:

Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև  ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները: «Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», – նշել է վարչապետ Տիգրան  Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը սահմանել է հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների կողմից վկայականների և անցագրերի տրամադրման, դրանց գրանցման մատյանների օրինակելի կարգերը, վկայականների և անցագրերի նկարագրերը: «Անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության ծառայողները, ովքեր այդ ծառայությունները մատուցում են, մանրակրկիտ իմանան սահմանվող կարգը, – այս առնչությամբ ասել է վարչապետը: – Նպատակահարմար կլինի ոստիկանությունում դասընթացներ կազմակերպել, որպեսզի բոլոր աշխատակիցները տեղեկացված լինեն ծառայողական վկայականների նոր չափորոշիչներին և պայմաններին»:

Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան  հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային  և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով գործադիրը «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար հատկացրել է 250 մլն դրամ: Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը:

 

 

Ճշտվել է պետական ավտոճանապարհների անվանացանկը

Ստեղծվել է ճանապարհային ոլորտը կարգավորող միջգերատեսչական խորհուրդ

Մշտադիտարկման միջոցով կգնահատվի ճանապարհային ցանցի առկա վիճակը

 

 

ՀՀ կառավարությունը իր փետրվարի 13-ի նիստում հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դասակարգված և ճշտված անվանումներով ու երկարություններով անվանացանկը: Դրանց  պետական կառավարման  մարմիններ են սահմանվել` կառավարման և կարգավորման մասով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, տնօրինման մասով` ինչպես նախարարությունը, այնպես էլ համապատասխան մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը): Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է  ճանապարհային ոլորտը կարգավորող խորհուրդ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորությամբ, հաստատել  խորհրդի կազմը և աշխատակարգը: Խորհուրդը յուրաքանչյուր կիսամյակ իր աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնելու ՀՀ կառավարություն: Խորհուրդը  միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային ոլորտի կարգավորման առաջարկությունների ներկայացումը համապատասխան  մարմիններին: Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև անցյալ տարեվերջին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների կատարումը, այն է` ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկման միջոցով գնահատել ճանապարհային ցանցի առկա վիճակը:

 

 

Աշնանը կշնորհվի Վիկտոր Համբարձումյանի անվան հերթական մրցանակը

Միջոցներ են ձեռնարկվում կանխիկի շրջանառությունը կրճատելու ուղղությամբ

Հաստատվել է ներքին աուդիտի որակավորման կարգը

 

 

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին` գիտնականի ծննդյան օրը: Կառավարության նախկին որոշման փոփոխությունը, որն այսօրվա նիստում ընդունել է գործադիրը, կնպաստի մրցանակի թեկնածուի ընտրության արդյունավետության բարձրացմանը, կխթանի աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հետագա զարգացումը:

Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորման և վարման կարգը: Համապատասխան որոշման ընդունումը թելադրված է ՀՀ մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն անընդհատ արդիական պահելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով  նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները: Որոշման նպատակն է կարգավորել նշված մարմինների բյուջեների կատարման գործընթացը, ինչը միտված է կանխիկի շրջանառության կրճատմանը:

Նիստում հաստատվել են ներքին աուդիտորի որակավորման կարգը, հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները:

 

 

Կառավարությունն հանդես է եկել օրենսդրական երկու նախաձեռնությամբ

Առաջարկվում է սահմանել տրանսֆերային գնագոյացման հասկացությունը

Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է

 

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի լրամշակված նախագծին, որը սահմանում է այդ հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները:

Նիստում հավանություն է ստացել «Տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ընդունման դեպքում ակնկալվում է համայնքի ղեկավարի կողմից վարչական իրավախախտման քննության պարզեցված ընթացակարգի իրականացում` համայնքային վճարովի ավտոկայանատեղիների համար օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորության խախտման դեպքում, վարորդ-համայնքի ղեկավար շփման պարբերականության (կոռուպցիոն ռիսկի) էական նվազում:

Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

 

 

Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

Փոխհատուցվում է սիրիահայերին անձնագիր տալու համար սահմանված պետտուրքը

Մեղմացվել է Իրաքի հետ վիզային ռեժիմը

 

 

Գործադիրը համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000թ. փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրերի կնքումը բխում է  ՀՀ շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը:

2013թ. չորրորդ եռամսյակում  սիրիահայերին տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ավելի քան 250 անձնագիր, որոնց համար պետտուրք չի գանձվել: Այդ գումարը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանն է հատկացրել մոտ 17 մլն դրամ, որը պետք է վճարվի պետական բյուջե:

Կառավարության որոշմամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեղմացվել է Իրաքի հետ վիզային ռեժիմը:

 

 

Համապատասխան տարածք է ստացել «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը

Զինվորական ծառայությունից տարկետում է տրվել հեղինակավոր բուհի ասպիրանտին և ՀՀ հավաքականներ ընդգրկված մարզիկներին

 

 

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը նպաստելու համար  կառավարության նիստում այդ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տարածք է հատկացվել  Երևանի Թելմանի անվան հիմնական դպրոցի նկուղային, առաջին և երկրորդ հարկերից:

Նիստում մինչև 2014թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Սերգեյ Շահվերդյանին:

Հաջորդ որոշումներով ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Էդգար Մանուչարյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքական թիմի երեք անդամի, մինչև 2014թ. ձմեռային զորակոչը` ազատ ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի մեկ անդամի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728