Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեինկարնացիա» խումբը հոգեւոր կապի մեջ է Ս. Սարգսի հետ

Փետրվար 13,2014 13:28

«Ս. Սարգիսը միշտ եղել է երիտասարդներին բարեխոս Սուրբ՝ արագահաս, բարեխոս, եւ ոչ միայն հայ եկեղեցու, այլեւ ընդհանուր եկեղեցու Սուրբ է ինքը, բայց մեզ՝ հայերիս համար պաշտելի Սուրբ է»,- այսօր՝ փետրվարի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նա կարծում է, որ հայ երիտասարդներն ավելի շատ կապված են ազգային տոների հետ, քան՝ օտարների, քանի որ նրանք մեծ շուքով են նշում տոնն ու պատրաստվում են նրան մեկ-երկու շաբաթ առաջ:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հայտնեց, որ այսօր՝ ժամերգությունից հետո, կօրհնվի մոմ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի լույսը եւ ջերմությունը, եւ մարդիկ այդ լույսից իրենց տուն տանելու հնարավորությունը կունենան.

«Եկեղեցին չի խրախուսում, որ կրակներն առնեն ու շրջեն, ուղղակի ամեն մեկը կարող է իր տան բակում իր խարույկը վառել, սա է ժողովրդական սովորության մասը: Եվ, բնականաբար, բոլոր եկեղեցիներում խարույկ կվառվի, իհարկե, առանց պաշտամունքի վերածելու՝ հարգելով ժողովրդական սովորությունը: Այսօր երեկոյան միջոցառումներ կլինեն բոլոր եկեղեցիներում»:

Ավագ քահանայի խոսքերով բուն խորհուրդը լինելու է վաղը՝ փետրվարի 14-ին՝ Ս. Պատարագի ժամանակ, որի ընթացքում կկատարվի նորապսակների օրհնությունը:

Փետրվարի 14-ին 19:00 տեղի է ունենալու բացօթյա համերգ, փետրվարի 15-ին 10:30 Ս. Սարգիս եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, կկատարվի երիտասարդների օրհնության կարգ, տեղի կունենան ցուցահանդեսներ 13:00 Գեղագիտության ազգային կենտրոնում եւ 13:40 Նկարիչների միության տանը, այնուհետեւ՝ 15:00 խաչապտույտ Առաջնորդանիստ Ս. Սարգսի եկեղեցուց դեպի Սիրահարների այգի եւ 15:30 «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգը «Պողոսյան պարտեզներում»:

«Ռեինկարնացիա» խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը հայտարարեց, որ համերգին մասնակցելը խմբի միտքն է եղել, եւ այդ համերգով սկիզբ է դրվում  բարեգործական համերգների շարքին: Խումբը կատարելու է ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: Իսկ այն հարցին, թե ի՞նչ կապ կա Ս. Սարգսի տոնի եւ «Ռեինկարնացիա» խմբի միջեւ, պրոդյուսերը պատասխանեց՝ հոգեւոր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728