Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը կանխատեսում է գնաճի նվազում

Փետրվար 13,2014 13:11

Թեեւ Մաքսային միությանը անդամակցության շրջանակներում, խոսվում է մաքսատուրքերի նոր դրույքաչափերի կիրառմանն անցնելու հետեւանքով Հայաստանում բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների հավանականության մասին, ԿԲ-ն հակառակ կանխատեսումն է արել։ Կենտրոնական բանկի խորհրդի գնահատումներով, «առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել եւ հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ»։ Այլ կերպ ասած, կլինի 3 տոկոսի շրջակայքում։

Կենտրոնական բանկն իր այս լավատեսությունը բացատրում է առաջին հերթին այն հանգամանքով, որ երրորդ եռամսյակում կվերանա անցած տարվա կեսերին էներգակիրների գների բարձրացման ազդեցությունը։ Չնայած դա բարենպաստ միջավայր կստեղծի այս տարվա գնաճի համար, այնուհանդերձ այնպես չէ, որ դրանում դեր է խաղացել Կենտրոնական բանկը։

Ինչպես հայտնի է, էներգակիրների թանկացման հետեւանքով անցած տարի Հայաստանում գնաճը մի պահ հասավ մինչեւ 9 տոկոսի։ Պարենային ապրանքների դեպքում այն գերազանցեց նույնիսկ 10 տոկոսը։ Սա ինքնըստինքյան դրական դաշտ է ստեղծել գնաճի այս տարվա ցուցանիշների բարելավման համար։

Իհարկե ԿԲ-ն միայն դրանով չի պայմանավորում գնաճի տեմպի սպասվող նվազումը։
Ինչպես ներքին եւ արտաքին տնտեսական գործընթացները, այնպես էլ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող զարգացումները, Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով, նպաստավոր են եղել գնաճի մեղմացման համար։ Մասնավորապես շարունակվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպի դանդաղ վերականգնման միտումները, իսկ հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ գնաճային միջավայրը։ Եվ որ ամենակարեւորն է, «պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել է գնանկում»։

Այս բոլորը հիմք են տալիս Կենտրոնական բանկի խորհրդին ենթադրելու, որ «կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ» չեն լինի։
Ավելին՝ գնաճի տեմպը վերջին ամիսներին Հայաստանում շատ ավելի արագ է նվազում, քան կանխատեսվում էր։ Սա էլ հիմք է տվել Կենտրոնական բանկի խորհրդին նվազման ուղղությամբ վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ Անցած օրը տեղի ունեցած խորհրդի նիստում որոշվեց այն իջեցնել 0,25 կետով։ Ի վերջո վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվեց 7,5 տոկոս։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728