Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայռուսգազարդի» միջոցով սնանկացրե՞լ են ֆերմերային տնտեսությամբ զբաղվող գործարարին

Փետրվար 13,2014 13:06

«1975-ից Լոռու մարզի Գարգառ գյուղում զբաղվում եմ ֆերմերային տնտեսությամբ: Բայց 21-րդ դարի չարի վերջ խաղացողները շանտաժով փորձեցին ինձ փակուղու մեջ դնել»,-այսօր «Իրատես de facto» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Հասառ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ «Հայռուսգազարդը» իրեն շանտաժի է ենթարկել և ցանկանում է սնանկացնել ու բիզնեսը ձեռքից վերցնել:

Այս առիթով հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այստեղ էլ «փայ մտնող կենդանիներ» կան ու հավելեց. «Քաղաքացու հետ «Հայռուսգազարդը» կնքել է պայմանագիր 2006-ին, որը եղել է անժամկետ: Երբ տեսել են, որ ըստ պայմանագրի իրենք սխալ են վարվել, երկու տարի հետո՝ 2008-ին, կեղծել են պայմանագիրը, բայց բնօրինակը մնում է ֆերմերի տանը: Այնուհետև Վերաքննիչ դատարան են ներկայացրել կեղծված պայմանագիր, որտեղ ավելացվել են համապատասխան կետեր՝ հօգուտ իրենց»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը և այժմ ստացվել է այնպես, որ «Հայռուսգազարդը» պարտավորված չէ վնասը փոխհատուցել:

Գործարարը նշեց. «Նրանց նպատակն այն է, որ ցրտահարություն լիներ: Ջերմոցը այժմ կանգնած է կործանման եզին: Ավելին, ութսուն հազար դրամի գերավճարի պարագայում ինձնից 400 հազար դրամ կանխավճար են ուզել, այնուհետև պայմանագրով սարքել են, թե պարտավորություն չեն ունեցել, այնուհետև դադարեցրել են գազամատակարարումը»:

Այժմ Սամվել Հարությունյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Գործարարը մանրամասնեց. «Նախորդ պայմանագրում գազի սահմանափակումներ չեն եղել: Տեսնելով, որ պարտվեցին դատարանում, վերցրին որոշակի չափաբաժիններ լրացրին ու ստացվեց, որ ապրիլից հոկտեմբեր իբր պարտավորություն չունեն: Ես 2008-ին ունեցել եմ գերավճար՝ 80 հազար դրամ, որը իրենք պարտավոր էին գազամատակարարումը վերականգնել, բայց փորձել են այդ պահանջներ դնել իմ առաջ: Փորձագիտական կենտրոնն էլ հաստատել է, որ պայմանագիրը կեղծված է»:

Գուրգեն Եղիազարյանը լրացրեց. «Պատճառ են ման գալիս, որ գործարարի ապրանքը՝ վարունգ պոմիդորը ցրտահարվի, այն դեպքում, երբ վարունգ պոմիդոր բերում են Թուրքիայից, այս մարդն էլ ամեն ինչ անում է, որ տեղում աճեցներ այդ ապրանքները»:

Մեր հարցին՝ ո՞վ է կանգնած այս ամենի հետևում, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Մարդամեկը, որին ասում են վարչապետ, հայտարարեց, թե թողնենք մնաք երկրում, որ հեղափոխությո՞ւն անեք: Հետո կանգնում ասում եք թե գաղջություն իջավ, որ գաղջ չլինեք, գաղջություն չի լինի: ՀՀ քաղաքացին մինչև կոկորդը հոգնած է ապահով Հայաստանից: Պետությունը նրա համար չէ, որ մարդու հետևից ընկնի տանկերով ու ջնջի նրան: Չէ, պիտի խեղդեն, ձեռքից խլեն, որ մենք ապահով Հայաստանում ապրենք: Դա մեր ապահով Հայաստանի հետ կապ չունի»:

Aravot.am-ը գործարարից հետաքրքրվեց, ի վերջո ո՞րն է նրա պահանջը. «Պահանջն այն է, որ քանի որ պատճառել են ինձ վնասներ, այսօր յոթ տարի զրկված եմ իմ սեփականության իրավունքից: 45 միլիոն դրամի վնաս պետք է հատուցեն ինձ՝ ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, այնուհետև երկրորդ դատական նիստի արդյունքում որոշվել է, որր 44 միլիոն դրամի վնաս պետք է փոխհատուցվեր: Բայց վնասը չեն փոխհատուցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728