Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Հայաստանը տղամարդ արտահանող երկիր է»

Փետրվար 13,2014 12:59

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը կիսում է այն կարծիքը, որ խնդիրը մեր մեջ է, մեր մտածելակերպի մեջ փոփոխություն կատարելն է. «Մենք պետք է շուռ գանք դեպի մեզ, ինքներս փնտրենք իրականություն ձեւավորող պատճառները». այսօր «Դեբատ» մամուլի ակումբում Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող քննարկման ժամանակ ասաց նա`այս առումով իր համաձայնությունն արտահայտելով մնացյալ բանախոսների հետ:

Xosrov HarutyunyanԽոսրով Հարությունյանը գտնում է, որ անկախ ծավալներից, արտագաղթը պետք է լինի մտահոգիչ, բայց եթե որեւէ չինովնիկ համեմատական վերլուծություն է անում՝ կարծում է, որ դա «գլուխ գովելու համար» չէ, այլ փաստելու, որ արտագաղթի ծավալները նվազել են:

Վերլուծելով այն իրականությունը, որ մեր հայրենակիցները գնում են ՌԴ, որտեղ բոլոր ասպեկտներով վիճակն ավելի լավ չէ, բանախոսը հանգեց այն եզրակացության, որ մարդիկ այնտեղ եկամուտ են վաստակում. «Հետեւաբար, խնդիրը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու մեջ է, ընդ որում, գիտատեխնիկական ոլորտում: Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունները թույլ են, որպեսզի լուրջ կարողություններ ստեղծվեն`ժամանակակից տեխնոլոգիական առումով: Դրսից պետք է ներդրողներ ներգրավվել: Մենք էլ ենք այդ իրողության առջեւ կանգնած: Բայց որեւէ ներդրող Հայաստանում երկարաժամկետ ներդրում չի կատարի, քանի որ քաղաքական, ռազմական ռիսկեր կան, կաշառակերությունը, տնտեսական ստանդարտների, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական վիճակը»:

Այնուհանդերձ, համեմատականներ անցկացնելով՝ նա նկատեց, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, ունենալով ամենաանբարենպաստ մեկնարկ` մարտի մեկ եւ ֆինանսատնտեսական ճգնաժամ, այս կառավարության կողմից լուրջ քայլեր արվում են:

«ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունը Հայաստանի անվտանգությունն առնվազն մեկ աստիճան բարձրացնում է եւ մեր երկիրն ավելի նպաստավոր է դարձնում ներդրումների համար: Մի քանի տարի առաջ նոտարական համակարգում, կադաստրում, սոցիալական ծառայությունների, ոստիկանության ոլորտներում, ընդունելության քննությունների ոլորտում կաշառակերության մակարդակն աննախադեպ էր, հիմա`այդպես չէ, ավելի բարվոք վիճակ է: Միգուցե բավարար չէ, ամենակարեւոր ոլորտը`դատաիրավական համակարգը դեռ առջեւում է, բայց լուրջ բարեփոխումների է գնացել այս կառավարությունը: Իսկ ԵՄ-ի հետ տնտեսական ստանդարտները արդիականացնելը շարունակում է մնալ օրակարգային, առաջիկայում արդյունքները կտեսնենք»:

Այս պայմաններում, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, ցանկացած կառավարություն լինելու էր խոցելի, բայց համեմատելով այլ կառավարությունների գործունեության հետ՝ նա համոզված է, որ այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել`դրական արդյունքներով: Մեջբերելով Ուինսթոն Չերչիլին, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Չերչիլը լավ չգիտեր, հայերն իրենց անհաջողություններով ավելի են հպարտանում, քան հաջողություններով: Վատի վրա կայֆ ենք բռնում, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում: Նախկին իշխանությունն այսօր ընդդիմություն է եւ հակառակը, բայց իրադրությունը նույնն է, հետեւաբար, խնդիրը մեր մեջ է»:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը չհամաձայնեց Խոսրով Հարությունյանի այս դիտարկումների հետ: Նա չի կարծում, որ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի կառավարությանն` իր արած որեւէ լավ բանի համար, քանի որ դա կառավարության պարտականությունն է. «Սինգապուրի ղեկավարին հրավիրեցին որ օրինակ ծառայի, բայց քանի որ տեսան՝ եթե դա իրականացնեն, իրենց փողերը կպակասի, էլ չեն կարող գողանալ, դրա համար էլ չկիրառեցին Սինգապուրի օրինակը»:

Խոսրով Հարությունյան- Արամ Սարգսյան բանավեճն այս ոգով դեռ շարունակվեց: Ի վերջո` Արամ Սարգսյանը տեղի տվեց եւ իր վերաբերմունքը Խոսրով Հարությունյանի հետագա ասածներին արտահայտեց հեգնական ծափահարություններով:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանն էլ միջամտելով նկատեց. «Հայաստանը դարձել է տղամարդ արտահանող երկիր, իսկ հայաստանյան գործարարները ներկրմամբ են զբաղված եւ իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանում արտադրություն զարգանա: Ուրեմն, կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակը: Զարմանալի է, որ այդքան մեծ եւ լուրջ սփյուռք ունենալով ներդրումներ չունենք: Ես զրուցել եմ տարբեր մարդկանց հետ, ասում են, եթե առաջ 50-50 էր, հիմա 70-20: Եթե խելքներս գլուխներս չհավաքենք`երկիր կկորցնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728