Հրատարակվել է հերթական «արգելվածը»
Օրերս «Անտարես» մեդիա հոլդինգը Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ հրատարակել է ժամանակակից ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը, որը թեժ ու բուռն բանավեճերի ալիք է բարձրացրել աշխարհում երկու հազարամյակների սահմանագծին՝ քողազերծելով «արեւմտյան աշխարհի» մերօրյա զեխ, ցոփ ու շվայտ կենսափիլիսոփայության կործանարար ախտերը: «Տարրական մասնիկները» «Անտարեսի» «Արգելված գրքեր» մատենաշարի 7-րդ թողարկումն է:
«Առավոտը» հարցազրույցի հրավիրեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին:
Հետաքրքրությանը, թե ընդհանրապես «Արգելված գրքեր» մատենաշարի նպատակն է բացել մեր հասարակության, մասնավորաբար՝ ընթերցողների աչքերը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Իսկապես ունենք «աչքերը բացելու» խնդիր, բայց ոչ այն դիտանկյունից, որով սովորաբար ընկալում է մեր հասարակությունը (նկատի ունի սեքսը, բռնությունը ու նման բաներ): «Անտարեսի» գերնպատակն է ներկայացնել բարձրարժեք ու մինչ օրս Հայաստանում չհրատարակված գրականություն: Այլ հարց է, որ մեր իրականության մեջ հաճախ ստիպված ենք լինում նույնիսկ անհրաժեշտ նյութը «փաթեթավորել» ընթերցողի կողմից ընդունված պիտակով»: Արքմենիկ Նիկողոսյանն էլ հավելեց. «Ես համոզված եմ. եթե չլիներ «Արգելված գրքեր» խորագիրը, շատ արժեքավոր գրականություն գուցեեւ չընթերցվեր»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ստացվում է՝ հենց «արգելված» բառն է ձգում ընթերցողին, գրականագետը պատասխանեց. «Մեծ հաշվով՝ այո: Բայց չեմ ուզում, որ այդ երեւույթին բացասական տեսանկյունից նայենք: Ի վերջո, կարեւոր է, որ գիրք ընթերցվում է, իսկ թե ինչ ճանապարհով ենք հասնում դրան, այնքան էլ էական չէ»: Ասվածին հավելեց նաեւ, որ չէր ուզենա այն տպավորությունը ստեղծվեր, թե մեր հասարակությունը միայն էրոտիկ գրականության վրա է սեւեռված:
Արմեն Մարտիրոսյանն էլ կարծես արդարացնելով «Անտարեսի» գործունեությունը, խնդրեց հատուկ «Առավոտի» միջոցով ընթերցողին տեղեկացնել, որ իրենք բացի «Արգելված գրքեր» մատենաշարից, շուրջ 20 տարի ունեն այլ շարքեր եւս, դրանց թվում՝ «Պարտադիր ընթերցանություն», «Կողմնացույց», «XXI» եւ այլն, որոնք ներկայացնում են հայ, համաշխարհային եւ ժամանակակից գրականություն: Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ «արգելվածի» «պիտակով» ամեն գիրք չէ, որ թարգմանում են ու հրատարակում: Անդրադառնալով Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպին, մեր զրուցակիցը հավաստիացրեց՝ քանի որ հաճախ է ճանապարհորդում, հիշյալ գրքի ընթերցումը տեւել է տարիուկես: Իսկ կարդալիս իսկապես փշաքաղվել է: «Ի վերջո, այս վեպը Ֆրանսիայում տեղի ունեցած սոցիալական հեղափոխության մասին է, որը կատարվել է մոտավորապես այն շրջանում, երբ հայ կանայք տղամարդկանցից «խլեցին» տաբատը եւ գրքում էրոտիկ դրվագները ընդամենը արտահայտչամիջոց են»,- նշեց Մարտիրոսյանը:
Գրականագետին հարցրինք, թե մեր գրողներն էլ ունեն գուցե ոչ էրոտիկ, համենայնդեպս, դրան մոտ ստեղծագործություններ… Համակարծիք լինելով՝ Արքմենիկ Նիկողոսյանը հայտնեց հետեւյալը. «Կան նման շերտեր մեր գրականության մեջ, բայց ես դա չեմ վերագրում այն բանին, որ գրչակից ընկերներս ուզում են հանրահայտ կամ էլ ավելի ճանաչելի դառնալ: Դեռեւս 1910թ. լույս է տեսել հայերեն առաջին «ինցեստ» վեպը՝ Ղեւոնդ Մելոյանի «Մայրը», որը պատմում է մոր եւ որդու ինտիմ կապերի մասին»: Միջամտելով գրականագետի խոսքին, Արմեն Մարտիրոսյանն էլ հիշատակեց «Երգ երգոցը», Քուչակին… Արքմենիկ Նիկողոսյանը շարունակելով խոսքը, հիշեցրեց, որ դեռեւս 3 տարի առաջ «Գրանիշը» հրատարակել է «Էրոտիկ հայերենների» շարք եւ հենց սա փաստ է, որ գալիս է վկայելու, թե նման խնդիրները մեզանում նոր չեն մեկնաբանվում ու ներկայացվում. «Երբ Քուչակը բացեիբաց ասում էր «ծծերդ», դա էն ժամանակ հեղափոխություն էր: Այսօրվա հասարակության մեջ, բնականաբար, գրականությունն ավելի մեծ «բացություններ» է ի ցույց դնում»:
Զրույցին ներկա թարգմանիչ Սերգեյ Մկրտչյանն էլ նշեց միայն, որ դյուրին չէր իր աշխատանքը, թեկուզեւ «բաց» բառերի ու բառակապակցությունների գործում. «Դրանք ֆրանսերեն ժարգոնի ազատ խոսքային դրսեւորումներ են, որոնց հայերեն համարժեքները ստեղծել եմ վեպը թարգմանելիս»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Արքմենիկ Նիկողոսյանը (ձախից), Սերգեյ Մկրտչյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
«Առավոտ» օրաթերթ