Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերն էլ կթանկանան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 13,2014 11:44

Ներկայումս Հայաստան ներկրվող դեղերը ազատվում են մաքսատուրքից։ Մաքսային միության անդամ դառնալուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրվող դեղորայքի վրա կիրառվելու է միջինը 8-10 տոկոս մաքսատուրք։ Հիմա ուսումնասիրենք, թե որքան եւ որտեղից ենք մենք դեղ ներկրում։ Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկանքի, 2013 թվականին Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլարի դեղորայք։ ՄՄ անդամ երկրներից դեղ է ներկրվել Ռուսաստանից եւ Բելառուսից։ ՌԴ-ից ներկրվել է 3 միլիոն 942 հազար դոլարի դեղորայք, իսկ Բելառուսից՝ 1 միլիոն 749 հազար դոլարի։ Այլ կերպ ասած, այդ երկու երկրները միասին Հայաստանին մատակարարել են մոտ 4.7 միլիոն դոլարի դեղորայք։ Պարզ թվաբանական գործողություններ կատարելով պարզում ենք, որ Հայաստան ներկրված դեղորայքի միայն 4.2 տոկոսն է ներկրվում ՄՄ անդամ երկրներից։ Եվ ուրեմն, ՄՄ անդամ դառնալուց հետո Հայաստան ներմուծվող դեղորայքի 96 տոկոսի վրա կիրառվելու է մաքսատուրք։ Իսկ դրանք իրոք բավականին բարձր են։ Օրինակ՝ ամպիցիլին, կարբենիցիլին, սուլացիլին պարունակող դեղամիջոցների վրա կիրառվելու է 11.3 տոկոս մաքսատուրք, ստրեպտոմիցինի սուլֆատ պարունակող դեղամիջոցների վրա՝ 12.2 տոկոս, ամիկացին, գենտամիցին եւ այլ նյութեր պարունակողները՝ 12.3 տոկոս եւ այլն։ Կան դեղատեսակներ, որոնց վրա պետք է կիրառվի 7.7 տոկոս, 5 տոկոս, 4 տոկոս մաքսատուրքեր։

Միջինացնելու դեպքում դեղատեսակների վրա կիրառվելիք մաքսատուրքի տոկոսադրույքը կկազմի 8-10 տոկոս։ Ո՞վ է վճարելու այդ 8-10 տոկոսը։ Իհարկե՝ ՀՀ բնակչությունը եւ հատկապես հիվանդները՝ դեղերի կարիք ունեցող մարդիկ, որովհետեւ այդ 8-10 տոկոսը այսպես թե այնպես ներառվելու է դեղերի մանրածախ գների մեջ։

Դեղերի 8-10 տոկոս թանկացումը հանգեցնելու է նրան, որ ՀՀ բնակչությունը մոտ 11 միլիոն դոլար լրացուցիչ գումար է ծախսելու դեղերի վրա։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքի «դեղորայքային» ծախսը աճելու մոտ 20 դոլարով։

Կա իհարկե այլ տարբերակ։ Տեսականորեն կարող է փոխվել դեղերի ներկրման աշխարհագրությունը։ Այսինքն, ՄՄ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանը կարող է դեղեր ներկրել Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից։ Բայց սա միայն տեսականորեն։ ՄՄ-ն եւ առաջին հերթին Ռուսաստանը դեղերի ներկրման վրա նման մաքսատուրքեր սահմանել է իբր դեղերի տեղական արտադրությունը խթանելու համար։ Արդեն տարիներ շարունակ այն խթանվում է, բայց ոչ մի կերպ չի դառնում մրցունակ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728