Լրահոս
Օրվա լրահոսը

3 միլիոն զբոսաշրջիկ կբերենք, եթե տուրիստական պրոդուկտները ճիշտ մատուցենք

Փետրվար 13,2014 14:39

ՀՀ կառավարության զբոսաշրջության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2030 թվականը Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը հնարավոր է հասցնել մինչեւ 3 միլիոնի, ինչը, ոլորտի մասնագետների կարծիքով, իրատեսական է, եթե իրացնենք մեր երկրի զբոսաշրջության բոլոր հնարավորությունները: Չնայած նրան, որ Հայաստանում պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը մեծ մասամբ գտնվում են մարզերում ու գյուղական բնակավայրերում, սակայն ագրոտուրիզմի դերը զբոսաշրջության ոլորտի վրա մեր երկրում թերագնահատվում է:

«Մենք դեռեւս չենք իրացնում մարզերում գյուղական տուրիզմի, էկոտուրիզմի հնարավորությունները, որոնք որ մեր երկիրը բնական պայմաններով շնորհել է մեզ, որի արդյունքում կարող ենք հետապնդել լուրջ սոցիալական խնդիրների լուծում՝ գյուղական բնակչությանը ապահովելով ոչ գյուղատնտեսական եկամուտներով: Սա հնարավորություն կտա գյուղացուն պահել գյուղում, գյուղացու համար ապահովել կայուն եկամուտ, որը կախված չի լինի գյուղատնտեսությունում առկա անհաղթահարելի իրադարձություններից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ավենյու Քընսալթինգ գրուպ» ընկերության ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Կարեն Մարտիրոսյանը: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ այսօր Հայաստանում եթե նույնիսկ զբոսաշրջիկները այցելում են գյուղական վայրեր, ապա դա լինում է մշակութային տուրիզմի բաղադրիչի մի մաս, բայց լուրջ, էական գումարներ գյուղերում չեն ծախսվում. «Որովհետեւ չկան համապատասխան ստանդարտներով ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ գյուղական գիշերակացի, հյուրատների համակարգ, որը թույլ կտա զբոսաշրջիկին երկար մնալ գյուղական միջավայրում եւ ավելի շատ գումարներ ծախսել: Եթե զբոսաշրջիկը 3-4 ժամ է մնում գյուղական միջավայրում եւ ծախսում է որոշակի գումար, ապա մի քանի օր մնալու դեպքում, պարզ է, ավելի շատ գումար կծախսի»:

Ըստ մեր զրուցակցի՝ ուսումնասիրելով գյուղական տուրիզմի ոլորտում առաջատար համարվող երկրների, մասնավորապես՝ Հունաստանի փորձը՝ համոզվել են, որ գյուղական տուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ Հունաստանի փորձը Հայաստանի համար շատ կիրառական կարող է լինել: Ըստ նրա՝ սեփական հողի վրա տեղի բնակիչները կարող են մեծ եկամուտներ ունենալ՝ սեփական տներից մի հատված, որպես զբոսաշրջային տուն, առանձնացնելով. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այսօր գոյություն ունեն որոշակի բրենդներ, որոնք իրենցից ներկայացնում են հարյուրավոր հյուրատների ցանց, այսինքն՝ իրենք սահմանել են իրենց ստանդարտը, մարքեթինգային ռազմավարությունը, կառավարման գործիքները, եւ գյուղական վայրերում, ովքեր որ հյուրատներ կառուցելու եւ կառավարելու հնարավորություն ունեն, այդ մարդկանց ուսուցանում են, տալիս կառավարման, մարքեթինգային գործիքներ, որպեսզի այդ բրենդի ներքո մարդիկ կարողանան ծառայություն մատուցել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում էլ կարելի է հիմնել նմանատիպ ստանդարտներով հյուրատներ, որոնք մինչեւ 5000 ննջատեղ կարող են ապահովել ամբողջ հանրապետությունում»:

Մասնագետի հաշվարկները ցույց են տվել, որ գյուղում մեկ հյուրատուն վերանորոգելու եւ ստանդարտներին համապատասխանեցնելու համար ընդամենը 10-15 հազար դոլարի ներդրում է անհրաժեշտ: Կ. Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ այս բիզնեսի առավելությունն այն է, որ ոչ թե զրոյից ես հյուրանոց կառուցում, այլ վերակառուցում ու վերանորոգում ես եղածը: Աշխատուժի ծախս նույնպես չի արվում, քանի որ այն համարվում է ընտանեկան բիզնես, եւ ծախսն իր վրա է վերցնում գյուղատնտեսական ընտանիքը: «Այսինքն՝ համեմատաբար ցածր ներդրումներով կարողանում ես ստանալ մեծ արդյունք»,- ասում է պարոն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ գյուղական տուրիզմի զարգացումը կբերի մարզերի համաչափ զարգացման, տնտեսության զարգացման: Բացի այդ, յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորություն կտա տնտեսությունը կամ բիզնեսը դարձնել ավելի բազմազան, ընդլայնել այն, որպեսզի հաճախորդներ հրապուրելու միջոցով ավելանա եկամուտը: Սակայն, պարոն Մարտիրոսյանի խոսքերով, գյուղական տուրիզմի ռազմավարությունը առանձին վերցնելը եւ փորձել առաջ տանելն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ. «Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրում կան մի քանի խոշոր զբոսաշրջային կլաստերներ, այսինքն՝ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերի համախումբ, որոնք աշխարհագրորեն իրար մոտ են, փոխկապակցված են, որոնցից յուրաքանչյուրի համար զարգացման ռազմավարություն պետք է լինի:

Ամբողջ հանրապետության մասշտաբով այդ կլաստերների ներսում պիտի զարգացվի գյուղական տուրիզմը, այսինքն՝ նկատի ունեմ այդ վայրերի ե՛ւ բնական պայմանները, ե՛ւ մշակութային կոթողները, ե՛ւ տարբեր տեսակի զբոսաշրջային հետաքրքրություն՝ ձկնորսություն, անտառային միջավայր, լեռնային աղբյուրներ եւ այլն: Այսինքն՝ հետաքրքրությունները պետք է փաթեթավորել գեղեցիկ ձեւով եւ մատուցել զբոսաշրջիկին: Հունաստանի դեպքում դու կարող ես ընտրություն կատարել ոչ թե տեղանքով, այլ զբոսաշրջային հետաքրքրությամբ: Մենք խնդիր ունենք տուրիստական ճիշտ պրոդուկտների մատուցման»:

Կ. Մարտիրոսյանի կարծիքով՝ այսօրվա հրատապ խնդիրը պետք է լինի համապարփակ ուսումնասիրությունը, որպեսզի նախ՝ պարզեն, թե այդ վայրերը որոնք են, եւ հասկանան, թե որ համայնքներն են պատրաստ զբոսաշրջիկներ ընդունելու. «Ուսումնասիրության արդյունքում նոր միայն կարող ենք առաջարկել համապարփակ ծրագիր: Քայլեր արվել են կառավարության, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, սակայն ոչ համակարգված, կոնկրետ մարզում, կոնկրետ համայնքում որոշակիորեն ձեւավորել որոշակի ծրագրեր գյուղական տուրիզմի զարգացման համար, բայց այս խնդրի լուծմանը համակարգային մոտեցում պիտի ցուցաբերվի, այսինքն՝ հստակ ռազմավարություն ունենալ, որը հնարավորություն կտա հասնել այն թիրախներին, որ ՀՀ կառավարությունը ծրագրել է ունենալ առաջիկա 10-15 տարիների ընթացքում, դրա հետ մեկտեղ նաեւ բարձրացնել մեկ զբոսաշրջիկից ստացվող եկամուտը, քանակն ավելացնել, ավելի հետաքրքիր դարձնել մեր երկիրը ե՛ւ օտարերկրյա, ե՛ւ տեղացի զբոսաշրջիկների համար»:

Կ. Մարտիրոսյանի խոսքերով՝ զբոսաշրջությունը արտահանման միակ ուղղությունն է, որն առանց ապրանք տեղափոխելու, երկրի տարածքից դուրս հանելու՝ դու կարող ես ծառայությունների արտահանում անել. «Այսինքն՝ գնորդն ինքն է գալիս քեզ մոտ, եւ դու արտահանում ես քո ծառայությունները»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728