Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ոչ իշխանական ուժերից ավելի արագ կկողմնորոշվի՞

Փետրվար 13,2014 14:45

Միասնական շտաբ-2՝ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի,
այլ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցով

Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը երեկ քննարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Նրանք պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել:

Երեկվա քննարկման արդյունքում վերջնական որոշում չի ընդունվել, եւ ինչպես «Առավոտ»-ին պարզաբանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հնարավոր է, որ փետրվարի 24-ին մեկնարկելիք քառօրյայում արդեն ընդդիմադիրները առաջարկով հանդես կգան: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը նախագծերը կքննարկեն իրենց խմբակցություններում, որից հետո առաջիկա օրերին երկրորդ աշխատանքային հանդիպմանն արդեն վերջնական որոշման կհանգեն: Երեկ լրագրողները Ռուբեն Հակոբյանին երբ հարց են ուղղել, թե իշխանությունները ոչ իշխանական ուժերին մեղադրում են միայն վարչապետի աթոռի համար պայքար մղելու մեջ, նա հակադարձել է. «Բնական է, որ իշխանությունը պետք է փորձի ճաք ստեղծել եւ սադրիչ մեկնաբանություններ տալ: Դա իրենց տեխնոլոգիաների մեջ է մտնում, բայց այս ուժերից յուրաքանչյուրը, կարծում եմ, մեր անունից հաստատ կարող եմ ասել, որ ամբողջական իշխանափոխության հարց է ձեւավորված: Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ պայքարը վարչապետի դեմ է ուղղված: Ես չեմ կարծում, որ մարդիկ չեն լսել մեր ելույթները, հարցազրույցները, հոդվածները»:

Եթե անգամ մեր հասարակությունը հետաքրքրությամբ կարդացել ու լսել է ԱԺ ոչ իշխանական ուժերի ելույթները, հասարակության աչքում իշխանափոխություն իրականացնելու խնդիրը ընդդիմությունը մեր երկրում չի կարողացել լուծել՝ ոչ ընտրություններով, ոչ էլ հետընտրական պայքարի արդյունքում: Դժվար է ասել, թե որքան ոգեւորիչ կարող է լինել Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը հասարակության համար, մանավանդ, որ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները առայժմ չեն առաջարկում վարչապետի իրենց թեկնածուին, որը, ենթադրաբար, կարող է երկիրը փրկել այս վիճակից:

Այսօր, սակայն, «գազային», «հակակուտակային» դժգոհությունները՝ մի կողմից, եւ առհասարակ՝ անվստահությունը կառավարության աշխատանքի նկատմամբ հասարակական ավելի լայն ընդվզման հնարավորությունների դուռ իսկապես բացել է, ինչից, բնականաբար, կարող է օգտվել խորհրդարանական ընդդիմությունը:
Բայց ստեղծված իրավիճակից կարող է օգտվել ոչ միայն խորհրդարանի ոչ իշխանական դաշտը, այլեւ հենց իշխանությունը: Պարզ է, որ խորհրդարանում մեծամասնության «ձայնն» է որոշիչ լինում ցանկացած նախագծի ընդունման կամ տապալման հարցում, եւ այստեղ չորս ուժերի համագործակցության ամրությունը վարչապետի պաշտոնանկության հարցում այնքան էլ վճռորոշ չէ:

Ավելի էական է այն, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը կամ կորսված են համարում իշխանափոխության հնարավորությունը Հայաստանում, կամ եթե կորսված չեն համարում՝ այս պահին քաղաքական գործընթացներում ազդեցություն ունենալու տեսանկյունից վարչապետի դեմ պայքարն են առավել նպաստավոր համարում ինքնադրսեւորման տեսանկյունից:

Բացի այդ, իրավիճակի հետաքրքրությունը կայանում է նաեւ նրանում, որ Սերժ Սարգսյանին որոշակի պահից սկսած կարող է ձեռնտու լինել վարչապետի փոփոխության հարցը թեժացնելը, եթե անգամ հիմա իշխանական վերնախավում օրակարգային չէ այդ հարցը: Սերժ Սարգսյանն անգամ կարող է դիմել ավելի կոշտ քայլի՝ վարչապետի փոփոխության դիմելով, որպեսզի հասարակության մոտ նոր կառավարության ղեկավարի գործունեության «արդյունքներին» սպասելու անհրաժեշտության հարցը առաջ քաշվի, եւ իշխանության վստահության հարցում նոր ակնկալիքներ ստեղծվեն: Այսպիսի սցենարի դեպքում խորհրդարանական ուժերն էլ իրենց հերթին կարող են բավարարված զգալ, որ այսպես ասած՝ վարչապետի անվստահության հարցով նախագիծ մշակելով ու ներկայացնելով՝ կարողացան ազդել իշխանության գործողությունների վրա:
Կկարողանա՞ն պայմանավորվել ընդդիմադիր ուժերը միմյանց միջեւ, թե՞ ոչ, ինչ-որ առումով վարչապետի պաշտոնանկությունը քաղաքական ռեաբիլիտացիայի հարմար լծակ է նրանց համար: Միասնական շտաբ-2՝ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի, այլ վարչապետի պաշտոնանկության հարցով, կարող է առավել արդյունավետ լինել՝ քաղաքական պրոցեսները թեժացնելու առումով:

Բայց չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանն ընդդիմությունից ավելի արագ կողմնորոշվի ու պայմանավորվի՝ հասարակության աչքում հեղինակությունը փոքր-ինչ փրկելուն ուղղված քայլեր անելով:

Եվ ո՞վ գիտե, գուցե Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առնի «այլընտրանքային»՝ ԲՀԿ թեկնածուի վրա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Երկաթը տաք-տաք են ծեծումºººººººº
    Օձը ո~որքան գեղեցիկ ••••••••••••••••••

  2. Nvard says:

    Ամենայն հայոց իմաստունը երբ որ ուզենա, կասի` ,,սիրուն չի,, և մանկլավիկ գյադագյուդեքը
    ,, խորը ըմբռնումով ,, կնդունեն մեծն իմաստունի հհկ-հկկ-ական հորդորները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728