Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելն ավելի ռեալ է, գուցե կենտրոնանաք ա՞յս հարցի վրա. «Հայկական ժամանակ»

Փետրվար 13,2014 11:30

Ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց մինչ օրս չեն հնչել պատասխաններ։

Հարց 1. Ո՞վքեր են նախաձեռնության հեղինակների՝ վարչապետի եւ կառավարության անդամների թեկնածուները։ Սա չափազանց կարեւոր հարց է, որովհետեւ նախաձեռնության հեղինակները չեն առաջարկում, չէ՞, որ Հայաստանում կառավարություն չլինի։ Եթե գործող կառավարությունը հրաժարական տա, պետք է նոր կառավարություն ձեւավորվի։ Ո՞րն է, ուրեմն, այդ նոր կառավարության մասին պատկերացումը։ Ընդ որում, երբ նախաձեռնում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ հարց է ծագում, թե ով պիտի լինի երկրի հաջորդ նախագահը, պատասխանը կարող է լինել՝ կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ, եւ ժողովուրդը կորոշի՝ ում ընտրել նախագահ։ Կառավարության դեպքում այսպես չէ. վարչապետի թեկնածուին առաջադրում է խորհրդարանը։ Սահմանադրությունը նախատեսում է, որ վարչապետ նշանակվում է խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձը։

Մեծամասնությունը ԱԺ¬ում ՀՀԿ-ն է։ Այսինքն, ոչ իշխանական ուժերը որոշում են Տիգրան Սարգսյանին գործից հանել, որ ՀՀԿ-ն իր վստահությունը վայելող մեկին, ասենք՝ Հովիկ Աբրահամյանին կամ Էդիկ Շարմազանովին (թե՞ Ոոբերտ Քոչարյանին. ի վերջո՝ Քոչարյանի խնամին ՀՀԿ խմբակցության անդամ է) նշանակի վարչապե՞տ։ Թե՞ կոալիցիայից դուրս մնացած ոմանք ուզում են նոր կոալիցիա ձեւավորելու ազգափրկիչ առիթ որոնել։ Գուցե ոմանք էլ, սա համարելով իրենց վերջին շանսը, փորձում են հասնել ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը, եւ իրենք է՞լ տեղ գտնել դրա մեջ։

Հարց 2. Որեւէ կասկած չկա, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն անգործունակ, ամուլ, ապաշնորհ կառավարություն է։ Բայց դա Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարությունն է, եւ Սերժ Սարգսյանն է կրում այս կառավարության գործունեության պատասխանատվությանը։ Եվ ուրեմն, եթե դրվում է փոփոխության եւ պատասխանատվության խնդիր, ուրեմն պետք է բռնել գլխից։ Ընդդիմությունն է, չէ, իշխանությանը մեղադրում, որ մանր ձկների ետեւից եք ընկնում՝ խոշոր շնաձկներին շրջանցելով։ Ինչու է խոշոր շնաձուկ Սերժ Սարգսյանին թողած, ընկել անմեղսունակ կառավարության ետեւից։ Ինչու՞, ուրեմն, ոչ իշխանական չորս ուժերը չեն սկսում իմպիչմենտի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով որոշման նախագիծը արտահերթ քննարկման դնելու համար պահանջվում է նույնքան պատգամավորների ստորագրություն, որքան կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման տակ։ Եվ մի՞թե այդ վատ կառավարության հրաժարականը չի պարպելու բողոքի այն պոտենցիալը, որ կուտակվում է Տիգրան Սարգսյանի գործունեության համատեքստում։

Հարց 3. Բայց եթե կառավարության հրաժարականը այդքան կարեւոր է՝ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ եթե կառավարությունը չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա։ Սերժ Սարգսյանը չունի տարբերակ, պետք է պաշտոնանկ անի կառավարությանը։ Մի՞թե այս նախաձեռնությամբ չի ստեղծվում մոտիվացիա, որ Սերժ Սարգսյանը պահպանի գործող կառավարությունը՝ իբր իր թիմին հարձակումներից պահելու տղայական պատճառաբանությամբ։

Հարց 4. Ոմանք պնդում են, թե պարզապես Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցում հաջողության հասնելը ավելի ռեալ է, քան Սերժ Սարգսյանին։ Է, Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելն ավելի ռեալ է, գուցե կենտրոնանաք ա՞յս հարցի վրա՝ իրագործելով փոքրիկ հաղթանակների մարտավարություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728