Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջնազարները երբեք կամավոր հրաժարական չեն տալիս

Փետրվար 13,2014 14:59

Իսկ նազիր-վեզիրներն էլ նրանց շահում-պահում են

Չէ, իսկապես խելք չունեն էդ բրիտանացիք, անկեղծո՜րեն եմ ասում: Բա որ խելք ունենային կամ կամք՝ նախարարը կբռներ ու հրաժարական կտա՞ր: Էն էլ ինչի համար, գիտե՞ք: Լավ շատ չտանջեմ ձեզ՝ ահա այդ լուրի սկիզբը՝ news.am կայքից (տե՛ս ). «… Ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա հավաքարարը Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն չունի»:

Հետո հետեւում է երկար-բարակ մի բացատրություն, որ նա պարբերաբար ստուգել է թղթերը, որ դա թյուրիմացաբար է եղել եւ այլն, սակայն միեւնույն է՝ նախարարը հրաժարական է տվել: Դե, իսկ վարչապետ Դեւիդ Քեմերոնն էլ «ընդունել է հրաժարականը, ափսոսանք հայտնել եւ որոշումն անվանել է ազնիվ» (նույն տեղում): Ասա, այ նախարար, բա էդպես մանր բանի համար հրաժարական կտա՞ն: Կամ՝ այ վարչապետ, գոնե դու համոզեիր, ասեիր՝ «էդ ի՞նչ է, որ դու դրա համար հրաժարական ես տալիս, հենա՝ մի հատ Հայաստան երկիր կա, էնտեղ էլ՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, որ ձախողել են՝ ինչ հնարավոր էր ձախողել, եւ անգամ ինչ հնարավոր չէր ձախողել, բայց մեկ է՝ հրաժարական չեն տալիս, տես՝ ինչ պնդերես են»… Ասեիր, էլի, օրինակ բերեիր…

Այսուհանդերձ, եթե ինձ մնար, ես այս ինֆորմացիան հատուկ փաթեթավորմամբ կմատուցեի Սերժ եւ Տիգրան Սարգսյանների, Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարներին եւ կպահանջեի, որ օրական հինգ անգամ կարդային իրենց շեֆերի համար… Մարդ ես, էլի («հեռու տնից-տեղից»՝ կասեր Կարպ Խաչվանքյանի կերտած կերպարը), մեկ էլ տեսար՝ ինչ-որ բան զարթնեց մեջները…

Հիմա կասեք, թե ես միամիտ եմ:

Ինչ մեղքս թաքցնեմ, էդպես էլ կա: Ես միամիտ եմ մոտավորապես էնքան, ինչքան որ ՀՀ Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները, որոնք ցանկանում են առաջիկա քառօրյա նիստերի ժամանակ բարձրացնել վարչապետի եւ կառավարության հրաժարականի հարցը:

Ես իսկապես կողմ եմ այդ հրաժարականին, բայց ինչքան էլ որ միամիտ եմ, այսուհանդերձ՝ արդեն լավ իմանալով Տիգրան Սարգսյանի բնավորությունն ու նաեւ ՀՀԿ-ական մեծամասնության… Մի խոսքով՝ իմանալով նաեւ այդ մեծամասնության «բազմակետ բնույթը», կարծում եմ, որ անհույս է:

Սկսած տնտեսական ձախողումներից, օֆշորային սկանդալից, մինչեւ վերջին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բլեֆ-թալանն ու «Արմթաբի» փուչիկը՝ բավարար պատճառներ են, որ բարոյականություն ունեցողը հրաժարական տա: Սակայն, կրկնեմ, ես համարյա 100 տոկոսով համոզված եմ, որ չնայած այս ամենին՝ խորհրդարանը, միեւնույն է, սույն պարոնին հրաժարական չի պարտադրելու, իսկ ինքն էլ կամավոր դա չի անելու:
Ինչո՞ւ:

Պարզ մի բան կա, որի մասին ե՛ւ անուղղակիորեն, ե՛ւ ուղղակիորեն ասել է մեծն Հովհաննես Թումանյանը.
Առաջին՝ անուղղակի պատճառը Թումանյանը ցույց է տվել իր անմահ «Քաջ Նազարը» հեքիաթում: Ես կարծում եմ, որ մեր ողջ դժբախտությունը հենց էս հեքիաթի վերջում է: Չի սիրում, էլի, մեզ Թումանյանը. այ, եթե հեքիաթը «հեփի էնդ»-ով ավարտած լիներ, այսինքն՝ Նազարը ոչ թե շարունակեր քեֆ քաշել, այլ «հրաժարական» տար ու վերադառնար իր գեղը, մեզանում էլ կձեւավորվեր այդ ավանդույթը, եւ քաջնազարները, որոնք պարբերաբար հայտնվում են պալատներում, նախադեպ կունենային…

«Ինչո՞ւ»-ի երկրորդ պատասխանը դարձյալ տվել է Թումանյանը, էս անգամ ուղղակիորեն՝ իր մի հայտնի հոդվածում. «Անհատներ կան, որոնք ապրում են եւ նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը» (Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին», 1910 թ.):

Սույն վարչապետը հաստատ գիտի, որ աթոռից զրկվելով՝ ինքը հայտնվելու է նույնիսկ ոչ այնտեղ, որտեղ էր մինչեւ 1990 թվականին պատգամավոր ընտրվելը կամ 1995 թվին պատգամավոր չընտրվելուց հետո, այլ դրանից էլ ավելի վատ տեղում: Դե, մոտավորապես էնպիսի տեղ, որտեղ ծանրոցներ ընդունելու եւ հարազատների հետ հանդիպումների հատուկ գրաֆիկ է սահմանված: Եվ անգամ էս տարիներին կուտակած միլիոնները չեն օգնելու:

Իսկ խորհրդարանական ՀՀԿ-ական մեծամասնությունն էլ երբեք չի գնա ոչ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի, ոչ էլ կառավարության հրաժարականի որոշման: Որովհետեւ՝ դարձյալ դիմեմ հեքիաթի օգնությանը, Քաջ Նազարի կողքին միշտ պտտվում են քծնանքի նազիր-վեզիրները, որ նրան անվանում են «անմահ արեգակ» կամ դրա նման մի բան: Ահա այդ քծնանքի նազիր-վեզիրները, որ խորհրդարանում յոթանասունչգիտեմքանի հոգի են եւ մի քանի էդքան էլ՝ իրենց կուսակցությունում (պլյուս արբանյակ կուսակցությունը, էն ո՞նց էր անունը, դե էն, որի մեջ, ի դեմս իրենց ղեկավարի՝ կանայք շատ են…), գիտեն, որ իրենք շղթայված են նույն շղթայով. եթե գցեն Սերժ կամ Տիգրան Սարգսյաններին, ապա կխորտակվեն բոլորը…

Թերեւս՝ բացառությամբ Հովիկ Աբրահամյանի եւ էլի մի քանիսի…

Էլի՞ ինչու…

Որովհետեւ «Քաջ Նազարի» մի այլ տարբերակ էլ կա՝ Դերենիկ Դեմիրճյանի տարբերակը. էնտեղ Նազարն ասում է. «Տղամարդ եմ՝ թախտի տակից դուրս չեմ գալիս…»: Թախտի վրա, թե թախտի տակ, փրփուր լինեն, թե էլի ինչ-որ բան՝ այդ իմ ասած «բացառությամբների» համար միեւնույն է՝ միայն թե ջրի երեսին…

Եվ այսուհանդերձ, հարկ է բոլոր հնարավոր միջոցներով հասնել հոդվածում հիշատակածս անձանց հրաժարականներին:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    ո՞նց….Հայաստանում իշխում է բիթիների անպատժելիությունը, կլանականությունը, ով մեզ հետ չէ, մեր թշմանին է սկզբունքը, մեծամտությունը եւ այս ամենով պայմանավորված միայն սեփական բարօրությանն ուղղված` ինձ լավ լինի, ում ինչ ուզում է լինի գաղափարախոսությունը….ու թվում է, թե սա երբեք չի վերջանա…կլինի՞ արդյոք մեկը ով կարողանա առանց դրսի թելադրանքի ու ֆինանսական աջակցության հասնել հոդվածում արծարծված խնդիրների կամ խնդրի լուծմանը….չգիտեմ….դա, ոնց որ թե ֆանտասիտկայի ժանրից է….

    • Ռուբեն says:

      Երևում է, որ այդ Բիթիները դեռ այնքան էլ բիթի չեն, որ իրենց նմաններին կերակրող ժողովուրդը միայն այս է, որ կա: Եթե իրենց հաջողվի անգամ, որ հուսահատված և ունեզրկված վերջին հայը գնա մեր երկրից (որը ես խիստ կասկածում եմ) կամ էլ իրենք իրենց գումարներով մեկնեն այստեղից (որն ավելի ընդունված սցենար է աշխարհում), միևնույնն է, աշխարհի ոչ մի այլ ժողովուրդ չի հանդուրժի ֆինանսների տիրապետման նորմալ կանոններից ոչ բիթի այս “Բիթիներին”:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728