Միայնակ տարեց Երեմ Ղուկասյանը դեռևս 2012թ.-ին հաշվառված էր Մարալիկ քաղաքի սոցիալական բնակարանային համալիրից բնակարան ստացողների հերթացուցակում: Նրան վաղուց պետք է հատկացնեին իրեն հասանելիք բնակարանը, սակայն նախատեսված հերթականությամբ բնակարանների բաշխման ժամանակ, նրան չէին տեղեկացրել այդ մասին, ինչի արդյունքում նա չէր ստացել բնակարան և ստիպված էր եղել հերթագրվել նոր համարով:
Բնակարանը չհանձնելու վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե Երեմ Ղուկասյանին հեռախոսակապի միջոցով իրազեկումը հնարավոր չի եղել: Այս պատճառաբանությունը, սակայն, հիմնավոր չէ, քանի որ ծանուցման եղանակը եղել է ոչ պատշաճ, և դա չի կարող հիմք հանդիսանալ բնակարան չհատկացնելու և հերթացուցակի փոփոխության համար:
Բացի այս, 2013 թվականին նախարարության կողմից մշակվել է սոցիալական բնակարանի կարիք ունեցող անձանց ընտրության նոր չափորոշիչներ և Կառավարության կողմից հաստատվել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը: Դրա արդյունքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանմամբ, Երեմ Ղուկասյանը չի համապատասխանել կառավարության կարգով սահմանված նոր չափորոշիչներին և կորցրել է բնակարան ստանալու իրավունքը՝ առհասարակ դուրս մնալով հաշվառումից:
Հարկ է նշել սակայն, որ նախարարության այս դիրքորոշումը ևս իրավաչափ չէ. որպես բնակելի տարածության կարիք ունեցող, Երեմ Ղուկասյանը նախկին կարգով արդեն հաշվառվել էր, հետևաբար չէր կարող նոր սահմանված կարգով զրկվել բնակելի տարածություն ստանալու իրավունքից, քանի որ ՀՀ Սահմանադրության ուժով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Հետևաբար, այս դեպքում ևս հետադարձ ուժ չի կարող տրվել անձի իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, ինչպես նաև նրա իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերին:
Կարդացեք նաև
Փաստորեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են Երեմ Ղուկասյանի իրավունքները, և Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան