Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցները, նախապես հայտարարված 11-ի փոխարեն տանհինգ-քսան րոպե ուշացումով սկսեցին ՀԷՑ վարչական շենքի մոտ իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակների: Նրանց աշխատավարձերից եւս հունվար ամսին պահել էին կուտակային կենսաթոշակների համար նախատեսված գումարները: Ժամը 16-ին ՓԲ արհմիությունը,ըստ արհմիության ղեկավար Արտյոմ Մուրադյանի, հրավիրել է հանդիպում ընկերության աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ՝ բոլոր հարցերին պատասխան ստանալու համար: Նա ասաց, որ այդ ժամն են ընտրել, որպեսզի նաեւ հեռավոր մասնաճյուղերի աշխատակիցները գան հասնեն հանդիպման:
ՀԷՑ-ում աշխատում է 8000 մարդ, եւ նրանցից 2500 -ը 1974թ. ից հետո ծնվածներն են, նրանց վրա ազդում է պարտադիր կուտակային բաղադրիչը: Ըստ ՀԷՑ աշխատակիցների ներկայացման՝ նրանց մեծ մասը դժգոհ է պարտադիր բռնագանձումներից:
Մինչ ՀԷՑ չորս-հինգ աշխատակիցներ իրենց գումարների ճակատագրի մասին էին խոսում, եկան-հասան «Դեմ.am» շարժման երիտասարդները՝ բարձրախոսներով ու դրոշներով, եւ սկսեցին ներկայացնել իրավաբանական հիմնավորումներ, թե ինչո՞ւ ընկերությունները չպետք է պահումներ կատարեն աշխատակիցների աշխատավարձերից, թե ի՞նչ քայլեր պետք է անեն աշխատողները եւ այլն: Նրանք նաեւ ներկայացնում են Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություններ:
Ինչպես արհմիության ղեկավար Արտյոմ Մուրադյանը, այնպես էլ ՀԷՑ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պատասխանատու Նատալյա Սարջանյանը վստահեցնում էին, որ ժամը 16-ին հանդիպումը կկայանա եւ կորոշեն հետագա անելիքները: Իսկ «Դեմ եմ»-ի երիտասարդները «կոնսուլտացիաներ» էին անում ներկաների համար:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ