Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարի վախճանը. «168 ժամ»

Փետրվար 13,2014 11:01

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին միացողների թիվը շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Անցած շաբաթ այդ համակարգի կիրառման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները, այս շաբաթվա սկզբին նրանց միացան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները՝ բոյկոտելով «Անուշ» օպերան, երեկ արդեն «Ետ տվե՛ք մեր փողերը» կարգախոսով փողոց էին դուրս եկել Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները, պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ալիքը ծավալվել է նաև մարզերում:

Երեկ Կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում «Նաիրիտի» աշխատակիցները՝ պահանջելով վճարել ամիսներով կուտակված աշխատավարձի պարտքը: Բողոքի բոլոր նշված ու բազմաթիվ այլ ակցիաներն, իհարկե, շատ դրական են ու ողջունելի, դրանք վկայում են, որ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների ոտնահարման դեմ և չեն ցանկանում ենթարկվել իշխանությունների կամայականություններին:

Սակայն, ամենևին չնսեմացնելով այս ամենի դրական նշանակությունը, այդուհանդերձ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ, փաստորեն, Հայաստանում մարդիկ պայքարի են դուրս գալիս միայն այն դեպքում, երբ վտանգվում են նրանց եկամուտները, ավելի պարզ ասած՝ բողոքում են միայն այն ժամանակ, երբ իշխանությունը «կպնում» է փողին: Այս երևույթի խորքային պատճառների մասին գուցե պետք է խոսեն համապատասխան մասնագետները՝ սոցիոլոգները, հասարակագետները կամ հոգեբանները:

Սակայն, անկախ պատճառներից, այն վկայում է Հայաստանում գաղափարի, արժեքների վախճանի մասին: Մարդիկ հանդուրժում են իշխանությունների բոլոր «ընդհանուր բնույթի» ապօրինությունները՝ ընտրակեղծարարություն, տնտեսության մոնոպոլացում, քաղաքական հետապնդումներ, արդարադատության բռնաբարում, Հայաստանի ինքնիշխանության հանձնում, բազմաթիվ այլ արատավոր երևույթներ, որոնք Հայաստանը դարձնում են այնպիսի երկիր, որտեղից բոլորը ցանկանում են արտագաղթել և փողոց են դուրս գալիս միայն ժամանակ, երբ վերը նշված ու չնշված քայլերով, ըստ էության, պետության հանդեպ դավաճանություն իրականացնող իշխանությունը դիպչում է նրանց գրպանին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728