Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը մտադիր է Գյումրիում իր անունով տուն թանգարան ստեղծել

Փետրվար 13,2014 10:04

Aravot.am-ի տեղեկություններով ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ցանկանում է իր ծննդավայր Գյումրիում տուն-թանգարան ստեղծել, որտեղ կցուցադրվեն նրա անցած մարզական ուղու մասին պատմող մեդալները, գավաթները, պատվոգրերը, հուշանվերները:

«Այո, այդպիսի երազանք ունեմ եւ այն բավականին հետաքրքիր ձեւով ծնվել է դեռ 70-ական թվականների վերջին, – ասաց Յուրի Վարդանյանը: – Ես ցանկանում էի Գյումրիում տուն կառուցել, որտեղ կապրեի: Սակայն այն ծավալները, որ ես էի ուզում, Խորհրդային Միության օրենքներով չէր թույլատրվում: Այդ պատճառով 1979 թվականին Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի առաջարկով կառավարությունը որոշեց ինձ ոչ թե տան, այլ տուն-թանգարանի համար տարածք հատկացնել: Տունն սկսեցի կառուցել իմ, հարազատներս, ինչու չէ, նաեւ ընկերներիս աջակցությամբ: Այդտեղ թանգարան ստեղծելու գաղափարը դրանից հետո ծնվեց: Բայց երկրաշարժ եղավ եւ հանգամանքների բերումով տեղափոխվեցի ԱՄՆ: Հիմա վերադարձել եմ: Բնակվում եմ Երեւանում եւ Գյումրիի այդ տանն ապրելու մտադրություն չունեմ: Ցանկանում եմ տուն-թանգարան բառակապակցությունից տուն բառը հանել: Ուզում եմ, որ այնտեղ թանգարան հիմնվի, որտեղ կցուցադրվեն մարզական երկար կյանքում նվաճած պարգեւներս: Բայց դրա համար բավականին մեծ գումարներ են պահանջվելու: Երեք հարկ է՝  յուրաքանչյուրը 24×24 մետր մակերեսով, տնամերձ տարածքն էլ 80×100 մետր է, գրեթե մեկ հեկտար: Շենքը լավ վիճակում է՝ կառուցված Հոկտեմբերյանի բարձրորակ սրբատաշ քարով: Սակայն թանգարանի ժամանակակից պահանջներին բավարարելու համար հարկավոր է տանիքը փոխել, ներքին հարդարումներն անել, նոր պատուհաններ տեղադրել: Որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի, առայժմ հստակ հաշվարկ արված չէ: Բայց միանշանակ է, որ լուրջ գումարներ կպահանջվեն: Ուզում եմ երազանքս ինքս իրականացնեմ՝ այն չթողնելով զավակներիս եւ հարազատներիս: Շատ ուրախ կլինեմ սեփական աչքերով տեսնել թանգարանը»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ գաղափարի իրականացումը եւ մոտավորապես քանի՞ ցուցանմուշ կարող է լինել, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Դիմել եմ վարչապետին, նախագահին էլ պիտի խնդրեմ՝ տեսնենք, թե ինչով կարող են օգտակար լինել: Ի դեպ, ամենեւին էլ պարտադիր չէ, որ այն տուն-թանգարանի կարգավիճակով մնա որպես իմ սեփականությունը: Պարզապես, կուզեի, որպեսզի տարածքում լիներ նաեւ թենիսի կորտ, ծանրամարտի դահլիճ: Որպեսզի ոչ միայն այցելուները ծանոթանային իմ անցած մարզական լեցուն ուղուն, այլեւ հիմնականում Գյումրիի մարզիկները օգտվեն կորտից, ծանրորդները կարողանան դահլիճում մարզվել»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե մոտավորապես քանի՞ ցուցանմուշ կլինի: «Կարծում եմ, հինգ հազարից ավելի, որոնցից յուրաքանչյուրը մեկ հիշողություն է, ապրված մեկ կյանք», – պատասխանեց նախարարը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728