«Իրավական գնահատականը, թե ինչ մեղադրանքի կասկածանքով են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվել մենք կճշտենք իրավիճակը հասկանալուց հետո: Այդ մասին հանդես կգանք հայտարարությունով»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ իրազեկող խմբի անդամները ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցին: Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին տվյալները կցկտուր են ու հավելեց. «Կասկածանք կա խուլիգանության մեղադրանքով, բայց դեռ տեղեկությունները նախնական են, մեզ պետք է իրավիճակն ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Որպեսզի ամբողջական լինի պատկերը, պետք է հանդիպենք, զրուցենք, հասկանանք ինչ ծավալի խախտումներ են եղել դրանք, ինչպես են արձանագրվել: Հավանաբար, այդ ամենի մասին ես տեղեկանքով հանդես կգամ»: Ամփոփելով խոսքը պարոն Խաչատրյանն ասաց. «Ակնհայտ է այն, որ վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, որ ոստիկանությունը բիրտ միջամտություն է ցուցաբերում: Ակնհայտորեն սա միտված է մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը խոչընդոտելուն, խափանելուն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ