Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը՝ ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպի մասին. «Այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է»

Փետրվար 12,2014 23:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին:

Որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ  «ՀԱԿ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթեւի անդամներ են»:

Aravot.am-ի հետ զրույցում էլ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշել էր, թե «ակնհայտ սադրանք է տեղի ունեցել և համաձայն տեսանյութերի՝ քաղաքացիական հագուստով մարդիկ փորձել են խոչընդոտել հանրահավաքի իրազեկումը»:

Այս առիթով Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանից: Նա փոխանցեց հետևյալը. «Իրավական գնահատական կտա ոստիկանությունը, որտեղ գտնվում էին համապատասխան երիտասարդները: Ուզում եմ նաև բոլորին հիշեցնել, որ ոչ մեկն իրավունք չունի վիրավորել որևէ մեկին ու նմանատիպ վիրավորական պարունակությամբ թռուցիկներ տարածել: Զարմանալի կլիներ, եթե մեր երիտասարդները համապատասխան ձևով չարձագանքեին նման վիրավորական ձևակերպումներին, որոնք տարածում և հնչեցնում էին այդ երիտասարդները թռուցիկներ բաժանելիս: Իսկ եթե եղել է որոշակի օրենքի խախտում, դա իրավապահ մարմինների գործն է»:

Պարոն Ավագյանը կատարվածին տվեց քաղաքական գնահատական. «Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի իր քաղաքական գործունեությունը կազմակերպելու ժամանակ նման բովանդակությամբ թռուցիկներ տարածել: Շատ բնական է, որ մեր երիտասարդները չէին կարող այդ ամենի կողքով անտարբեր անցնել: Անգամ իրենց կողմից նկարահանված նյութը դիտելիս տեսնում ենք, թե մեր երիտասարդները ոնց են իրենց դրսևորում: Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի քաղաքական գործընթացների մեջ չափն անցնել: Մենք երկար ժամանակ նման դրսևորումների չենք արձագանքել, բայց այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է: Այսօր այդ պատասխանը ստացվել է այդ փողոցում պատահական հայտնված մեր կազմակերպության անդամների կողմից, վաղը եթե որոշակի դասեր չքաղեցին սրանից, մենք արդեն ավելի խիստ պատասխաններ կտանք ոչ թե այն երիտասարդներին, ովքեր միամտաբար հայտնվել են այդ իրավիճակում, այլ իրական կազմակերպիչներին, ովքեր թաքնվել են այս երիտասարդների հետևում»:

Կարեն Ավագյանը հորդորեց ծանոթանալ թռուցիկների բովանդակությանը, ինչից հետո պարզ կդառնա, որ «երիտասարդների պահվածքից զարմանալ պետք չէ»:

Այնուհետև ՀՀԿ ԵԿ ղեկավարը տեղեկացրեց. «Այս պահին մեր երիտասարդներն էլ են ոստիկանությունում և եթե օրենք են խախտել, թող իրենք էլ պատասխանատվության ենթարկվեն: Իրավական գնահատականներ տվողը, թե ինչքանով են մեր երիտասարդները խախտել օրենքը, ոստիկանությունն է, ոչ թե պարոն Կարապետյանը, կամ ես»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութը՝ www.zham.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այս ամենը հիշեցնում է “Խունվեյբիններին” և “Հիտլեր յուգենդին”.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728