Դիանա Նահապետյանի սպանությունից արդեն 1 տարի է անցել, սակայն նրա 2 դուստրերը ոչ մի կերպ ուշքի չեն գալիս. անընդհատ մտածում են ինքնասպանության կամ էլ` իրենց մորը սպանած մարդուց վրեժ լուծելու մասին: Այսօր Դիանայի Նահապետյանի սպանության գործով դատական նիստից հետո երեխաների ապրումների մասին մեզ հետ զրույցում պատմեց երեխաների տատիկը` տիկին Վալյան:
35 ամյա Դիանա Նահապետյանին Վոլոդյան Մուրադյանը առանձնակի դաժանությամբ է սպանել. դանակի 21 հարված է հասցրել, ամբողջ մարմինը դանակի հարվածներից ծակծկված էր, ծաղկամանով բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին, այնպես է հարվածել գլխին, որ անգամ գանգոսկրն է ծակվել: Այսքան հարվածներ հասցնելուց հետո Վոլոդյա Մուրադյանը սենյակի դուռն է կողպել սպանված կնոջ վրա, ու դիմել փախուստի: Իրենց մոր սպանությանը ականատես են եղել նաեւ նրա դուստրերը. տիկին Վալյայի ներկայացմամբ` թոռը պատմել է իր տեսածը` «Տատի նենց էր դանակով խփում մամային, ոնց որ գուպկա ծակեր, անընդհատ խփում էր»:
Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որտեղ քննվում էր, թե 51 ամյա Վոլոդյա Մուրադյանը հոգեկան ինչպիսի վիճակում է եղել հանցանքը կատարելիս: Դատարան էր հրավիրվել փորձագետը, որը հոգեբանական փորձաքննության մասնակիցն է եղել եւ եզրակացություն ներկայացրել:
Կարդացեք նաև
Կողմերի հնչեցրած մի շարք հարցերից հետո դատարանը պարզեց, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտի տակ չի գտնել, նա եղել է հոգեկան բարձր հուզական վիճակում, սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել: Այսինքն, մեղսունակ է եւ գիտակցելով է կատարել հանցանքը:
Փորձագետին դատարան հրավիրելու միջնորդություն ներկայացրել էր մեղադրյալի պաշտպանը, իսկ տուժող կողմի փաստաբան Արմեն Մանուկյանը դատական նիստին ներկա չէր: Տիկին Վալյան դատարանում ասաց, որ նիստից րոպեներ առաջ է իմացել, որ իրենց փաստաբանը նիստին չի մասնակցելու. «Առաջին անգամը չի, որ փաստաբան Արմեն Մանուկյանը նիստին չի գալիս: Ինչո՞ւ այսօր չէր եկել, շատ կարեւոր նիստ էր, ես չէի կարող մասնագիտական հարց տալ փորձագետին, իսկ ինքը պարտավոր էր ներկա լիներ, մի հատ հասկանայինք թե փորձագետն ինչ ասեց, դատարանը ինչ որոշեց: Պայմանագիր եմ հետը կնքել, վճարի մասին պայմանավորվել եմ, բայց արդեն որերորդ անգամ է ինձ քաշում է Արմենը: Վոլոդիայի փաստաբանը ոնց, որ թե ուզում է նենց անի, որ սարքեն աֆեկտի տակ է եղել հանցանքն անելիս: Փոքր թոռս պատմում է, որ երբ տեսել էր մորը սպանելիս, էդ սվոլոչին հարցրել է`ինձ էլ եք ուզում սպանել, դա ասել է` չէ, Ափո ջան, դու կարաս գնաս քո սենյակում քնես, բա աֆեկտի տակ եղած մարդը տենց բան կասե՞ր: Ուր ա իմ փաստաբանը, նա պիտի այստեղ լիներ ու նենց աներ, որ հանկարծ աֆեկտի տակ արած հանցանք չսարքեն»:
Փաստաբան Արմեն Մանուկյանը դատարանին նաեւ քաղհայց պետք է ներկայացներ` գումարի բռնագանձման պահանջով. տիկին Վալյան կոնկրետ գումար չասաց, բայց Վոլոդյա Մուրադյանից որպես փոխհատուցում նաեւ գումար են պահանջելու: «Փաստաբանն ինձ վստահեցրել է, որ քաղհայցն արդեն դատարանում է»,-ասաց տիկին Վալյան, սակայն դատավորը նիստին վստահեցրեց, որ հայցը չի ներկայացվել, եւ հորդորեց տիկին Վալյային, որպեսզի նրա փաստաբանը արագացնի այդ գործընթացը, քանի որ ժամանակ չկա:
Այս առնչությամբ փաստաբան Արմեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դատարանին տեղյակ է պահել, չներկայանալու մասին, առողջական խնդիրներ ունի, պետք գնար բժշկի հետազոտության: Իսկ ինչ վերաբերում է տիկին Վալյայի դժգոհություններին, որ կարեւոր նիստին նա ներկա չի եղել փաստաբանն ասաց. «Փորձագետին ու մյուսներին, պաշտպանվող կողմը ուզի- չուզի հայկական ձեւով ասած` փրփուրներից կախվելու տարբերակ է: Այսօր Վոլոդյա Մուրադյանի վրա դրված է սպանության հոդված` 8-15 տարի ազատազրկում: Ես բացահայտ դատարանում ասել եմ, որ հոդվածի որակումը սխալ է եղել, պետք է դրվեր ոչ թե քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մաս, այլ 104-ի մասի 5-րդ կետ`առանձին դաժանությամբ սպանություն` 12-20 տարի, կամ ցմահ ազատազրկում: Հոդվածը կփոխվի վերջում, հիմա նոր միջնորդություն է լինելու հոդվածը վերաորակելու, դա պարզ սպանություն չէ: Նա մոտ 20 հարված է հասցրել. ձեռքով, ոտքով, ձեռքի տակ եղած տարբեր իրերով, գլուխը, ծնոտը կոտրել է, կիսամեռ արել, հետո դանակով վերջացրել»: Ինչ վերաբերում է քաղհայցին, ապա պարոն Մանուկյանն ասաց, որ ինքը դեռ ժամանակ ունի. «Մինչեւ դատավորի խորհրդակցական սենյակ մտնելը ես իրավունք ունեմ քաղհայց ներկայացնելու, դատավորը նման բան չէր կարող ասել, որ ժամանակ չկա»:
Այնուամենայնիվ, փաստաբանի մասին տիկին Վալյան պնդում է` «Անպարտաճանաչ է, ես արդեն չեմ վստահում նրան»:
Տիկին Վալյան մեզ պատմեց, որ թոռներին այս ծանր հոգեբանական վիճակից հանելու համար հոգեբանի օգնությանն է դիմել, բայց չի կարողացել լիարժեք բուժումն ապահովել. «Ամոթ էլ է ասել, բայց էլ փող չունեի: Պարտք եմ անում, յոլա տանում: Չգիտեմ ինչ անեմ, թոռներս ահավոր ագրեսիվ են դառել, մեծս ասում է` տատի եթե դրան բան չլինի, ես իմ ձեռքերով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի, որ բալկոնից ինձ քցեմ, ինչ կլինի: Մեկը 18, մյուսը 15 տարեկան է, սենց փոքր-փոքր էդ անասունի պատճառով թոռներս հիստերիկ են դառել: Ջահել աղջկաս կյանքը խլեց, քանի տարի էլ տան, ցմահ էլ տան, ես չեմ կարող մխիթարվել»:
Վոլոդյա Մուրադյանն ու Դիանա Նահապետյանը օրինական ամուսիններ չէն, բայց մոտ 8 տարի է միասին էին ապրում. տիկին Վալյայի պատմելով` վեճերը նրանց մեջ անպակաս են եղել. «Աղջկաս ասել էր` քեզ մի օր ավտոյով ծեփելու եմ պատին, մեկ սպանելու եմ, ահավոր խանդում էր, անիմաստ տեղը խանդում էր: Այ մարդ, կինդ վատն է, խանդում ես, թողնեիր գնայիր քո համար հանգիստ ապրեիր, ինչի՞ էրեխուս կյանքը խլեցիր: Ասում էի`, այ բալա, դա քեզ ինչ ամուսին, թող գնա դրա մոտից, ասում էր` չէ մամա, լավ ա լինելու, ուղղվելու ա»:
Այս գործով դատական բոլոր նիստերին ներկա են լինում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության անդամները, որոնց վստահեցմամբ` գործին հետեւողական են լինելու, որպեսզի արդար դատավճիռ լինի եւ հանցագործը արժանի պատիժ ստանա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ https://rru.swv.am/: