2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության փետրվարի 12-ի նիստը նշանակված էր ժամը 12-ին, սակայն ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի երկու պաշտպանները չէին ներկայացել, դատավոր Զոյա Զաքինյանը երկու ժամով հետաձգեց նիստը: Ժամը 14-ին էլ ամբաստանյալի պաշտպանները դատարան չէին եկել: Դատավորը վերստին նիստը հետաձգեց: Լյուքս Ստեփանյանի բազմաթիվ հարազատներն ու համագյուղացիներն անհանգիստ լարվածությամբ էին սպասում պաշտպանների ժամանմանը: Ժամը 16-ին պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը դատարան եկան: Դատավոր Զաքինյանը նրանց նախազգուշացրեց նշանակված ժամին դատարան ներկայանալու անհրաժեշտության մասին: Պաշտպան Ե. Սարգսյանն ասաց, որ իրենք այսօր Երեւանում նաեւ ուրիշ դատի էին մասնակցում: Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը հայտարարեց. «Թող տարբերեն այս դատը մյուս դատերից, պետք է շուտ հանգուցալուծում ստանա,այսպես հետաձգելով ես չեմ դիմանա: Թուրքի կրակոցով չի գնացել, հասկացեք, ամբաստանյալը իմ համար թուրք է, իմ կյանքը խորտակված է, ցանկացած պահի դանակը կխրեմ փորը»:
Դատարանում թունդ վիճաբանություն եղավ մի կողմից Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան Ստեփանյանի, Լյուքսի եղբոր՝ Ալիկի , մյուս կողմից պաշտպան Երեմ Սարգսյանի միջեւ, հնչեցին վիրավորական արտահայտություններ: Վերջինս ասաց, որ իրենք ամենեւին էլ դատը հետաձգելու նպատակ չունեն, իրենց կյանքը վտանգելով՝ Երեւանից մեկուկես ժամում Իջեւան են հասել: Պաշտպանը հայտարարեց, որ փորձ է արվում պաշտպանական կողմի վրա ճնշում գործադրել, ինչը չի հաջողվի, իրենց աշխատանքն օբյեկտիվորեն կատարելու են:
Դատական նիստում ցուցմունքներ տվեցին Նոյեմբերյանի զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Հրայր Աթոյանը, զորացրված զինվորներ Արծրուն Եսայանը եւ Պետրոս Ղազարյանը: Նրանք անուղղակի վկաներ են,քանզի Լյուքս Ստեփանյանի եւ Դավիթ Խաչատրյանի վիճաբանության, ապա արձակված կրակոցի ժամանակ ներկա չեն եղել, կատարվածի մանրամասներին տեղեկացել են ականատես զինվորներից: Վ. Ասատրյանն ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչել Լյուքս Ստեփանյանին եւ Դավիթ Խաչատրյանին, հավելելով, որ դաշտային երթի մեջ կրակային պատրաստությունում աչքի ընկնելու համար Լյուքս Ստեփանյանը խրախուսվել է շնորհակալական նամակով: Հ. Աթոյանի վկայությամբ՝ Լյուքս Ստեփանյանը, Դավիթ Խաչատրյանը եւ Հրաչյա Սարգսյանը լավ զինվորներ են եղել:
Կարդացեք նաև
Դատավոր Զ. Զաքինյանը հրապարակեց տուժող Հրաչյա Սարգսյանից ստացված գրությունը,որ նա առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստերին, խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Մեղադրող Արթուր Զաքարյանն առաջարկեց, որպեսզի մյուս նիստը ոչ թե հաջորդ չորեքշաբթի, այլ ավելի ուշ նշանակվի, որպեսզի դատարան չներկայանող վկաների՝ զորացրված զինվորների բերման ենթարկելու վերաբերյալ դատարանի գրություններին ստույգ պատասխաններ տրվեն, թե այժմ որտեղ են գտնվում վկաները:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 26-ին: Նիստի ավարտից հետո Լուիզա Ստեփանյանը սպանված որդու նկարը ձեռքին մոտեցավ ամբաստանալ Դավիթ Խաչատրյանին, ասելով. «Հլա ըստեղ նստել, անմեղ հայացքով նայում է աչքերիս մեջ: Թուրք ա թուրք, Ռամիլ Սաֆարովն ա»: Իշխան Ստեփանյանն էլ գոչեց. «Մեռի, մեռի կեղտոտ: Կեղտոտ շուն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ