Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլետանտի դատարկաբանությունները»․ Հովհաննես Սահակյանը պատասխանում է Վլադիմիր Կարապետյանին

Փետրվար 12,2014 19:17

Արդեն շուրջ վեց տարի է, ինչ ԱԳՆ համակարգից դուրս հանված և հապճեպորեն իրեն ընդդիմադիրի կերպարում վերագտած նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գիշերուզօր քննադատում է իր նախկին գործընկերներին:

«Հարթակային այս դիվանագետը» պարբերաբար սերիալային երկարաշունչ ճառեր է թողարկում, հարցազրույցներ տալիս, հոդվածներ գրում՝ պրովոկացիոն հարցադրումներով և ոչ պակաս պրովոկացիոն «վերլուծություններով» փորձելով կոմպենսացնել դիվանագիտական ծառայությունից դուրս մնալու իր կոմպլեքսը:

Նրա վերջին հրապարակումները, նվիրված ԱԳՆ տարեկան գործունեության ամփոփմանը նվիրված արտգործնախարարի ասուլիսին, ցույց են տալիս, որ Կարապետյանը ճիշտ չի ըմբռնել անգամ ընդդիմադիրի և ընդդիմության առաքելությունը: Չեմ կարծում, որ Նախարարի կողմից ներկայացված ԱԳՆ տարեկան գործունեության ամփոփումը և տրված հարցերին պատասխանները որևէ  կերպ կապ են ունեցել ընդդիմադիր գործչի հնչեցրած քննադատություններին, ինչպես ինքն է երևակայում: Ավելին, վստահ չեմ, որ նախարարն ընդհանրապես մտաբերում է Կարապետյանին:

Այնուամենայնիվ, առանց դետալների մեջ մտնելու, մի քանի դիտարկում անել, որոնք հուսանք, որ կհուշեն նախկին «դիվանագետին» անհույս ու իսպառ չհեռանալ տրամաբանությունից:

Նախ, ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի այս կամ այն երկրի Ազգային տոների կապակցությամբ դեսպանություններ այցելելուն, ապա պետք է իմանալ, որ ՀՀ Նախագահը Ազգային տոների առիթով այցելում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների դեսպանություններ:

Իր հրապարակումներից ակնհայտ է, որ Կարապետյանը կասկածելի գիտելիքներ ունի համաշխարհային քաղաքական-տնտեսական զարգացումների վերաբերյալ: Բայց պարզվում է, որ նա պատկերացում չունի նաև մեր հարևան երկրների վրա, մեր տարածաշրջանի վրա այդ զարգացումների հետևանքների մասին նույնպես, երբ  հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալների նվազումը բարդում է ԱԳՆ վրա, շրջանցելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են տնտեսական պատժամիջոցների հետևանքով Իրանի ընդհանուր առևտրային շրջանառության նվազումը, բնակչության վճարողունակության անկումը, իրանական զբոսաշրջության  ծավալների ընդհանուր անկումը: Որոշ մարդիկ իրենց նեղամտությունը փորձում  են փաթաթել ուրիշների վզին: Հետաքրքիր է նրա հետևողական ուշադրությունը հայ-վրացական հարաբերությունների նկատմամբ, ինչը պետք է ընկալել Թբիլիսիի մեր դեսպանությունում նրա որոշ ժամանակ աշխատելու հանգամանքով: Սակայն  նրանք, ովքեր ճանաչում են Կարապետյանին, այն տպավորությունն ունեն, որ այդ տարիների ընթացքում նա ոչ այնքան զբաղվել է միջպետական  հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոնց մասին նա շնչակտուր «եզրահանգումներ» է անում,   որքան որ անձնական բիզնես կապերով, ինչը  հնարավորություն է տվել իր ընտանիքի անդամներին զբաղվել որոշակի  եկամտաբեր բիզնեսներով: Թե ինչու Հայաստանը չկա տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում այս «մեծ հայրենասերին» կարող են պատկերավոր բացատրել Լեռնային Ղարաբաղում և ՀՀ սահմանամերձ գյուղերում մեր իմաստուն գյուղացիները, ովքեր նրա հետ կկիսեն իրենց համեստ պատկերացումները քաղաքականությունից և դիվանագիտությունից, մասնավորապես այն, թե ինչ գին պետք է վճարի Կարապետյանը թշնամուն նրա ստեղծած և նրանից սնվող ”աղբյուրից” օգտվելու համար:

Բնականաբար Կարապետյանը չի հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ արդյունավետ դիվանագիտությունը առաջին հերթին պահանջում է անձնական և անմիջական շփումներ, իսկ այցերի քարտեզը գծվում է նաև ելնելով հակառակորդի որոշ նախաձեռնություններ կանխելու կամ հակազդելու անհրաժեշտությունից: Այո, կարևոր է, որ Հայաստանի պես տարածքով փոքր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարող է մրցել որևէ երկրի գործընկերոջ հետ իր ունեցած միջազգային կապերով, և նաև դրա արդյունքում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մի քանի անգամ նշել է, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների ամենաակտիվ դերակատարներից է,  որ Հայաստանի ձայնը լսելի է ամենատարբեր միջազգային հարթակներում: Միայն  անցյալ տարվա ընթացքում Նախարարը ներկայացրել է արտաքին քաղաքականությունը ծավալուն ելույթներ ունենալով Օքսֆորդի, Հարվարդի,  Ժնևի համալսարաններում, Մոսկվայի, Վաշինգտոնի, Պեկինի, Փարիզի, Լոնդոնի, Հռոմի, Մադրիդի, Բեռլինի, Վիեննայի նշանավոր վերլուծական կենտրոններում, հետազոտական ինստիտուտներում:

Արդյո՞ք երկրի ղեկավարության, այլ երկրների նրանց գործընկերների, բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները, բազմաթիվ հանդիպումները, բանակցությունները, ստորագրված փաստաթղթերի թիվը չեն խորհրդանշում ակտիվ դիվանագիտության մասին: Եթե Կարապետյանն այդքան հիվանդագին է տանում այս  ակտիվությունը, ապա ինչպե՞ս նա չի զլանում նույնպիսի եռանդով հասարակությանը (ժամանակին նաև` իր ընտրազանգվածին) հաշվետվություն տալ ԱԳՆ-ում իր կատարած այցելությունների և գործուղումների վերաբերյալ: Եթե թվաբանությունն այդքան անիմաստ է, ինչո՞ւ է նա պարծենում, թե 2007-2008 թթ.երին մասնակցել է ԱԳ նախարարի գլխավորած 20 այցելություններին:

Հետաքրքիր է նաև, որ կարծես նոստալգիկ զգացողությամբ թվարկում է ԱԳՆ կողմից նրան ինչ-որ դասընթացին գործուղումը, հատկապես որ ակնհայտ է, որ այս դասընթացներից նա ոչինչ չի էլ սովորել: Տարօրինակ են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ նախկին «դիվանագետի» միակողմանի վերլուծությունները, որոնք կարելի է համեմատել իրերի տեղերը մշտապես փոխելու տնային տնտեսուհիների սիրած զբաղմունքի հետ: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ նրա վերլուծությունները չեն դիմանում որևէ քննադատության: Իր  նախկին ելույթներից մեկում անգամ նա փորձ էր անում իր «վերլուծական խորը

կարողություններով» ապացուցել, որ ներկա ձևաչափն ավելի աննպաստ է հայկական կողմերի համար, քան ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա ավելի վաղ արված առաջարկությունները: Հատկանշական է, որ Կարապետյանի կողմից այդքան սիրված փաստաթղթերին հղումներ են կատարում ինքը և ադրբեջանական կողմը: Եվ չարսիրտ քննադատությունն այնքան է կուրացնում նրան, որ նա ադրբեջանական կողմի նման լիովին անտեսում է Մեծ Ութնյակի գագաթաժողովների շրջանակներում եռանախագահող երկրների ղեկավարների կողմից ընդունված նախկին հինգ հայտարարությունները արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

Ղարաբաղի մասին ամպագորգոռ հայտարարություններ անելուց առաջ Կարապետյանին անհրաժեշտ է ուշադիր կարդալ Հանրապետության Նախագահի և արտգործնախարարի հայտարարություններն այդ հարցի վերաբերյալ: Կարապետյանի քննադատություններում աչք է ծակում այն, որ նա սեփական երկրի  արտաքին քաղաքական գերատեսչությանն ամեն կերպ փնովելու համար բավական լավ և կուրորեն յուրացնում է ադրբեջանական ագիտպրոպի հեքիաթները: Էլ ինչո՞վ  կարելի է բացատրել ՄԱԿ ԱԽ-ում երկու տարվա անդամակցության ընթացքում արդյունքի չհասնելը թաքցնելու փորձ հանդիսացող Ադրբեջանի ԱԳ նախարարի թեզիսների կրկնությունը կամ Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններով հրճվելը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի «շռնդալից» երկամյա անդամակցության տպավորության և ազդեցության տակ գտնվող պարոն Կարապետյանին խնդրում եմ բերել ՄԱԿ-ում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման գեթ մեկ օրինակ: Մինչդեռ, հակառակը՝ Մարտի 22-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ  առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նրա մոտեցումներին՝ մասնավորապես դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարարին Երևանում ընդունելուն, հիշեցնեմ այդ հանդիպման վերջում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ տեղեկությունները, թե Թուրքիան որպես Հայաստանի հետ հարաբերություների հաստատման նախապայման է համարում է Արցախի շուրջ գտնվող շրջաններից հայկական զորքերի դուրս բերումը, դրանք բնութագրել էր որպես սպեկուլյատիվ, որ ոչ ինքը, ոչ էլ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկ այլ պաշտոնյա նման բան չի ասել: Մեկնաբանությունները թողնում եմ մանիպուլյացիայի  վարպետներին:

Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակը գնահատելիս խորհուրդ կտայի Կարապետյանին ադրբեջանական դեղնած մամուլից զատ գեթ մեկ-մեկ ընթերցել նաև պաշտոնական  լրահոս, այդ թվում ամերիկյան և եվրոպական, որտեղ արձանագրվում են, որ  հայ-ամերիկյան հարաբերությունների՝ պատմության ընթացքում ամենաբարձր  մակարդակը, կամ վերընթերցել Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված համատեղ հայտարարությունը:

Այս կարգի որևէ քննադատության չդիմացող խոցելի փաստարկները բազմաթիվ են Կարապետյանի ելույթներում, որոնք ոչ այլ ինչ են, քան «վարժանքներ»  իր նախկին գործընկերների վրա շարունակ ցեխ շպրտելու մոլուցքում:

 

Հովհաննես Սահակյան

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Համոզված եմ ,որ շատ շուտով հովհ.սահակյանը և մյուսներրը ,,նախկին,, կոչվելու պատվին էլ չեն արժանանա`~~~~~~~~~~ուղիղ` դեպի բանտախուց :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728