Լրահոս
Օրվա լրահոսը

Տեառնընդառաջ. տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Փետրվար 12,2014 18:41

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր և Ս. Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Տերունի տոնով մենք հիշատակում ենք 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ա. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ գալիս է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ որ  նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` Նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):

Ըստ Ավետարանի Սիմեոն անունով մի բարեպաշտ մարդ Աստծուց խոստում է ստանում, որ մահ չի տեսնի, քանի դեռ իր ձեռքերի մեջ չի առնի մարդկության Փրկչին: Երբ Հիսուս ծնողների ուղեկցությամբ մոտենում է տաճարին, արևելյան դուռը, որ տասնյակ տարիներով փակված էր դղրդյունով բացվում է: Լսելով այդ ահավոր դղրդյունը` մարդիկ ճրագներով ու ջահերով դուրս են գալիս Մեսիային ընդառաջ:
Երեքհարյուրամյա Սիմեոնը, որ ծերությունից կուրացել էր, սկսում է տեսնել: Նա հասկանում է, որ տաճար է եկել Ինքը` Փրկիչը, և ընդառաջ է գնում Նրան: Ս. Աստվածածնի ձեռքերից վերցնելով մանուկ Հիսուսին` նա գոհություն ու փառաբանություն է հայտնում Տիրոջը, որ հնարավորություն ընձեռեց տեսնել Փրկչին: Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ` Տիրոջն ընդառաջ:
Տեառնընդառաջն անշարժ տոն է և նշվում է փետրվարի 14-ին` Հիսուսի ծննունդից 40 օր հետո: Եվ քանի որ ըստ եկեղեցական տոնացույցի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, Տեառնընդառաջի տոնախմբություններն էլ, ինչպես մյուս տոների պարագայում, սկսվում են նախորդ օրը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Եկեղեցու ճրագներից վառված մոմեր տանելով` մարդիկ իրենց բակերում ևս խարույկ են կազմակերպում: Ժողովրդական այս սովորությունը քրիստոներության աստվածաբանության հետ կապված չէ, սակայն Հայ Եկեղեցին դարեր ի վեր պահպանել է որպես ժողովրդական գեղեցիկ ավանդույթ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Տեառընդառաջի նախատոնակին ու տոնի բուն օրը` Ս. Պատարագից հետո, կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Մի շարք եկեղեցիների բակերում կազմակեպվելու են համերգներ:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728