Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ինովացիոն ոլորտի զարգացման դանդաղ տեմպերն ու կառավարության հայտարարությունները չեն համընկնում

Փետրվար 12,2014 18:13

«Թեպետ ՀՀ կառավարության 2003 թվականի ընդունած գործունեության ծրագրում ինովացիոն տնտեսությունը հռչակվել է գերակա ուղղություն, սակայն խոսել էական տեղաշարժերի մասին դեռ բավականին վաղ է»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան ինովացիոն տեխնոլոգիաների՝ Հայաստանում զարգացման գործընթացում, այսպես պատասխանեց  ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաներ զարգացնող tabTEC ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուզան Հարությունյանը: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) 2013- 2014թթ. «Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցի (GCI – Global Competitiveness Index) ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 51-րդը: Հարցին ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ցուցանիշից, Ռուզան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ինովացիոն տեխնոլոգիաներ զարգացնելն իրականում բարդ գործընթաց է, քանի որ պահանջում է ոչ միայն ֆինանսական լուրջ ներդրումներ, այլև ճշգրիտ գիտությունների ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներ և արտադրողական մեծ հզորություններ»:

Ադրբեջանի ցուցանիշի վերաբերյալ մեր զրուցակիցը կասկած է հայտնում. «Ենթադրաբար նշված վարկանիշային զեկույցում Ադրբեջանի ցուցանիշը պայմանավորված է նավթագազային ռեսուրսների և դրա հաշվին ստեղծած կապերի ու լծակների հետ: Ադրբեջանի նման բարձր ցուցանիշը «Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցում կասկած է հարուցում, քանի որ 2014 թ. ոչ պակաս հեղինակավոր և սեփական միջոցներով ֆինանսավորվող «Բլումբերգ» գործակալության կողմից հրապարակած աշխարհի 50 նորարարական երկրների վարկանիշային աղյուսակում այդ երկիրն առհասարակ տեղ չի գտել»:

tabtec_colored

ՀՀ օրենսդրական դաշտը ևս առանձնապես չի նպաստում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը: Այս առիթով Ռուզան Հարությունյանն ասաց. «Միանշանակ չի կարելի ասել, որ ընդունված օրենքներն ու որոշումները խոչընդոտում են ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը, միևնույն ժամանակ չեն ստեղծում նաև բարենպաստ պայմաններ Հայաստանում այդ ընկերությունների համար: Միջազգային փորձը վաղուց ապացուցել է, որ նպաստավոր օրենսդրական դաշտը խթան է հանդիսանում շուկայի զարգացման համար, իսկ այս ոլորտն ի զորու է մեծապես նպաստել տնտեսական աճի տեմպերին»: Մեր դիտարկմանը, թե ՀՀ-ում վստահության պակաս է նկատվում տեխնոլոգիական նորարարության ոլորտում և հարցին ի՞նչ դժվարությունների առաջ է կանգնում tabTEC ընկերությունը, կոմերցիոն տնօրենն այսպես պատասխանեց. «Անշուշտ կա վստահության պակասի խնդիր, ինչը, միգուցե պայմանավորված է սահմանափակ շուկայով և աղմուկ հանած սին ծրագրերով: Ըստ երևույթին դա է պատճառը, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել և գործունեություն ծավալել Հայաստանում, հիասթափություն են ապրում և հեռանում, իսկ հեղինակավոր միջազգային ընկերությունները առհասարակ այստեղ շուկա չեն տեսնում:  Ի դեպ, անվստահության մթնոլորտ ձևավորված է ոչ միայն սպառողների, այլև ներդրողների մոտ. նախորդ տարվա ցուցանիշներով ներդրումները Հայաստանում պակասել են ավելի քան 61 %-ով, ինչն աննախադեպ երևույթ է tabTEC -ն առայժմ փորձ է կատարում շուկային ներկայացնել ընկերության կողմից մշակված, նմանը չունեցող և Հայաստանում արտադրվող  էլեկտրոնային սարքավորումների սահմանափակ տեսականի, որոնք ապահովում են ցանկացած հզորության համակարգերի լիակատար պաշտպանություն հայաստանյան անկայուն էլեկտրամատակարարման պայմաններում: Ապագայում կան բավական լուրջ ծրագրեր կապված էներգետիկայի ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման և այլընտրանքային էներգիայի ստացման հետ: Դժվարություններն իրականում շատ են: Ցավալի է, որ Հայաստանում գրեթե չկա համապատասխան աջակցություն պետական և մասնավոր կառույցների կողմից, զարգացած ենթակառուցվածքներ և կայուն համագործակցության դաշտ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728