Ուկրաինան ոչ պաշտոնապես զարգանում է որպես դաշնություն, քանի որ մի շարք մարզերում ստեղծվել են այլընտրանքային պետական իշխանության մարմիններ, կարծում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Անդրեյ Վորոբյովը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Վստահ եմ, որ անկախ քաղաքական ցանկություններից, երկիրը գնում է դեպի դաշնություն: Կամրագրվի դա սահմանադրության մեջ, թե ոչ, թե կշարունակի պաշտոնապես մնալ ունիտար պետություն, սակայն ոչ պաշտոնապես այն արդեն դաշնություն է», – ասել է ռուս դիվանագետը Կիևում չորեքշաբթի կայացած «Ուկրաինայի դաշնայնացում. անջատումից միասնություն» թեմայով քննարկման ժամանակ:
Ըստ նրա, Ուկրաինայի դաշնայնացման մասին խոսակցություններ վաղուց կան, բայց վերջին 3 ամսվա ընթացքում երկիրն արդեն դաշնության համակարգում է ապրում. «Վերջերս զրուցում էի Միխայիլ Դոբկինի հետ (Խարկովի մարզպետը), նա այսպիսի արտահայտություն արեց, որն իմ կարծիքով շատ մոտ է ճշմարտությանը՝ վերջին 3 ամսում Ուկրաինան իրոք ապրում է դաշնության համակարգում: Եվ դա նման է ճշմարտությանը, որովհետև երկրի որոշ մասերում ստեղծվել են այլընտրանքային պետական իշխանության մարմիններ», – ասել է նա և նշել, որ հիմա էականը երկրի ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելն է, որը բխում է նաև Ռուսաստանի հետաքրքրությունից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ