Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը հաղորդում է, որ Ս. Սարգսի տոնի առթիվ քահանաներն ու թատերական խումբն այցելել են սիրիահայերին, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ, ռազմաօդային ինստիտուտ: Տոնակատարությունները շարունակվում են
Արագահաս բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր, Արարատյան Հայրապետական թեմում առանձնահատուկ է նշվում:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնակատարությունները մեկնարկել են երկուշաբթիից:
Երեկ ԱՀԹ Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը և «Ռոտոնդա» թատերախումբն այցելեցին Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: Տեր հայրը հանդիպեց հոսպիտալում բուժվող զինվորներին, նրանց փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի բարեմաղթանքները, բժշկության աղոթք կարդաց ու մաղթեց շուտափույթ ապաքինում: «Դուք պարտավոր եք շուտ ապաքինվել, քանի որ վստահ եմ, որ ձեր մայրերը, քույրերը ձեզ համար անդադար աղոթում են: Հայրենիքը բառերով չեն սիրում, հայրենիքը սկսվում է ձեր տանից, ձեր ծնողներից ու ձեր գյուղից, քաղաքից: Ես գիտեմ, որ յուրաքանչյուրիդ մեջ մի Վարդան Մամիկոնյան, մի Արմեն Հովհաննիսյան ու Նժդեհ է ապրում: Պինդ կացեք»,- ասաց տեր Մխիթարը:
Ս. Սարգսին նվիրված` թատերական ներկայացման ավարտին զինվորներից մի քանիսը որոշեցին հյուրերի համար երգել ռազմահայրենասիրական երգեր, ինչն ավելի աշխուժացրեց զինվորներին:
ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանն էլ այցելեց Թումանյանի թանգարան, որտեղ հավաքվել էին սիրիահայերը: Սիրիահայերը իրենց շնորհակալությունը հայտնեցին, որ հայրենիքում Հայ Եկեղեցին իրենց չի մոռանում ու Ս. Սարգսի տոնի առթիվ նման միջոցառում ու նվերներ է պատրաստում:
Ս. Սարգսի տոնն այսօր Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում էր:
Իսկ փետրվարի 10-ին ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ «Ռոտոնդա» թատերախումբն այցեց Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոց և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական քոլեջ: Տեր հայրը երիտասարդներին ներկայացրել է տոնի պատմությունը, խորհուրդը և փոխանցել Տ. Նավասարդ սրբազանի օրհնության խոսքը: Այստեղ էլ տեր հոր խոսքը լրացրեց «Ռոտոնդա»-ն` Ս. Սարգսի նահատակության մասին բեմականացմամբ և տոնի ու Հայ Եկեղեցու մասին փոքրիկ վիկտորինայով: Հարցերին ճիշտ պատասխանած պատանիներն արժանացել են մրցանակների:
Հիշեցնենք, որ այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս սրբի տոնը նշվելու է փետրվարի 15-ին:
Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ երկրորդ անգամ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից էլ երկրպագության կբերվի 1693թ. Ս. Սարգիս եկեղեցում Ավետիս երեցի կողմից արտագրված Ս. Ավետարանը:
Ս. Պատարագի ընթացքում հավատավորները կկարողանան հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը: Իսկ Ս. Պատարագի ավարտին կկարողանան համբուրել Ս. Ավետարանը:
Նույն օրը` ժամը 14:30-ին, բազմաթիվ երիտասարդներ ոչ միայն Երևանից, այլ նաև ամբողջ Արարատյան Հայրապետական թեմից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մեսրոպ Մաշտոց ու Բաղրամյան պողոտաներով խաչապտույտ կիրականացնեն դեպի Սիրահարների այգի: Խաչերթին միանալու ցանկություն են հայտնել նաև ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողները:
Սիրահարների այգում ավանդական դարձած տոնական համերգին մենահամերգով կներկայանա «Ռեինկարնացիա» խումբը:
Տոնակատարությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ qahana.am կայքում:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան