«Գործակալությունների դերակատարումը մեր ժամանակներում մեծ է այն առումով, որ մենք ունենք չամուսնացածների մեծ թվաքանակ: Երբ որ համեմատում ենք ծնվածների եւ ամուսնացածների թվաքանակը, ստացվում է, որ մոտավորապես 25 տոկոսը՝ ամեն չորրորդը, չունի զույգ կամ ամուսնանալու հնարավորություն»,- այսօր՝ փետրվարի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ հայերը չունեն ծանոթանալու էթիկետը, այսինքն՝ մայրերը չեն սովորեցնում իրենց դստրերին գայթակղման, ծանոթանալու, մերձենալու արվեստը, տղամարդիկ էլ իրենց հերթին` չգիտեն՝ ինչպես մոտենալ եւ ծանոթանալ.
«Այդ պատճառով՝ հիմնականում ծանոթ են փնտրում, ազգական են փնտրում, կամ ընդհանրապես նման հավաքույթներում են գտնում նման հարսնացուներին»:
Իսկ «Երջանկության գաղտնիք» ծանոթության եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանը իր խոսքում հերքեց այն կարծատիպը, որ գործակալություններին դիմում են միայն «անճարները», նա հայտարարեց, որ իրենց ծառայություններից օգտվելու համար մակարդակ եւ խելք է պետք: Նրա խոսքերով՝ իրենց ծառայություններից օգտվող կանայք նախընտրում են աշխատանք եւ բնակարան ունեցող տղամարդկանց, իսկ տղամարդիկ՝ ոչ գեր կանանց:
Կարդացեք նաև
Գործակալությունը աշխատում է արդեն 6 տարի եւ անցած տարվա ընթացքում գործակալության միջոցով ամուսնացել է մոտ 50-60 զույգ, իսկ նրա գոյության տարիների ընթացքում գրանցվել է ամուսնալուծության միայն 1 դեպք: Իլոնա Բաղիշյանը հայտնեց, որ իրենց մոտ գրանցված է մոտ 1000 անձ եւ նրանց միջին տարիքը կազմում է 30-40 տարեկանը: Զույգերի հետ աշխատում են հոգեբանները:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե գործակալության գոյության ընթացքում պատահե՞լ է, որ չկարողանան համապատասխան զույգ գտնել, տիկին Բաղիշյանը պատասխանեց, որ նման դեպքերից խուսափելու համար ոչ բոլորին են գրանցում.
«Տղամարդկանց, որոնք չեն աշխատում, մենք չենք գրանցում, տղամարդկանց, որոնք 28 տարեկանից ցածր են՝ չենք գրանցում: Իսկ կանանց վերաբերյալ՝ շատ գեր կանանց չենք գրանցում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ