2004-ին բուռն քննարկումներ ընթացան «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծի առիթով: Մասնավորապես, օրենքի փոփոխության անհրաժեշտություն էր առաջացել այն առումով, որ նախադեպեր կային, երբ ինչ-ինչ մարդիկ կրթություն ստանալու քողի ներքո պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում էին:
Այժմ կրկին թարմացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մտադրությունը: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ԿԳՆ-ի կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին: Ըստ այդմ` նախատեսվում է պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերի մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ եւ գրավի պայմանով: Գրավի չափը` 8.5 միլիոն դրամ է (մոտ 21 հազար դոլար):
Արդյոք այս օրենքը կհանգեցնի կրթության ոլորտում սոցիալական բևեռացմա՞նը, խտրականություն սրմա՞նը, կօրինականացնի կոռուպցիա՞ն, թե՞ կլուծի այն խնդիրը, որ իր առջև դրել է պետությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անիմաստ է համարում այս փոփոխությունների քննարկումն ու նշում. «Այսպիսով մենք օրինականացրել ենք պարտադիր զինծառայությունից խուսափելը, ընդ որում հայտնի մարդկանց երեխաների համար»:
ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանն այլ կարծիքի է. «Մենք փորձում ենք տարանջատել կրթության իրավունքը: Մենք շատ երիտասարդներ ունենք, իրապես տաղանդավոր, որոնց պետք չէ կտրել կրթությունից: Ես կարող եմ տրամադրել մեր ծրագրերով գործուղված երեխաների ցուցակները, և նրանց մեջ չի եղել մեկը, որի համար մեզ պարտադրեն, որ նա մեկնի արտերկիր»:
Կարդացեք նաև
Պարոն Բլեյանը հակադրվելով ԿԳՆ «չինովնիկին», ասում է. «Դուք ուզում եք ասել, որ դա արված չէ՞ իշխանավորների, օլիգարխների երեխաների համար: Դա իրականություն է, բոլորն այդ մասին գիտեն: Դուք պաշտպանում եք այդ իշխանական նախագիծը»:
Աշոտ Բլեյանն այն կարծիքին է, որ «երիտասարդը թող ծառայի դառնա 20-21 տարեկան, հետո թող բյուջեից փող ստանա, գնա սովորի»:
Եթե գրավի չափը ԿԳն պաշտոնյանի համար «սիմվոլիկ» է, ապա Աշոտ Բլեյանի համար դա նաև կրթության իրավունքի խախտում է, քանի որ եթե երիտասարդը չունի այդ գումարը, ինչ է չի՞ կարող կրթություն ստանալ: Տիգրան Սահակյանը մանևրելով պատասխանում է. «Արտերկրում սովորել ցանկացողները պետք է պատրաստ լինեն, որ դա ամբողջությամբ ձրի չէ և ենթադրում է որոշակի ծախսեր»:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը ևս կարծում է, որ գրավի այդ չափը ողջամիտ չէ ու նկատում. «Եթե մարդը որոշել է չվերադառնալ, մի քանի ամսում նա կհավաքի այդ քսան հազար դոլարը, կուղարկի: Ավելին, տեղեկանքն ու հիմնավորումները, որ կարդացի, այդպես էլ չհասկացա, քանի որ սկզբում նշում են բանակ, հետո, թե բանակի խնդիր չկա, մյուս կողմից ասվում է` արդարության վերականգնում: Նույն կերպ 2004-ին արեցին, բայց ուսանողները այն ժամանակ ոտքի կանգնեցին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ