Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի մեղրը Ֆրանսիայում առաջին տեղ է զբաղեցրել եւ էկոլոգիապես մաքուր ճանաչվել

Փետրվար 12,2014 16:34

Վերջերս կապանցի մեղվապահ Արմեն Մարգարյանը Ֆրանսիայից լավ լուր է ստացել, որ Ֆրանսիա ուղարկված իր պատրաստած Մեղրի նմուշը էկոլոգիապես մաքուր է ճանաչվել, բարձրորակ եւ լիովին համապատասխանել է եվրոպական չափանիշներին: «Մեզ այդ լուրը շատ ուրախացրեց, քանի որ կասկածում էին, որ Կապանը շրջապատված է հանքերով, ծանր մետաղներով եւ մեղրի որակը դժվար թե էկոլոգիապես մաքուր լինի: Մենք մեղվի փեթակները հանքերից մոտ 30 կմ հեռավորության վրա ենք տեղափոխում, որտեղ կլիման շատ բարենպաստ է, բնությունը մաքուր ու մեղրի յուրահատուկ համը, առաջնակարգ լինելը պայմանավորված է մեր տարածաշրջանին հատուկ բուսական աշխարհով» , – նշեց Կապանի տարածաշրջանի «Մեղու» հ/կ նախագահ Արմեն Մարգարյանը:

Վերջինս հիշում է, որ դեռեւս Խորհրդային միության տարիներին միութենական մասշտաբով Կապանի մեղրը մի շարք անգամ արժանացել է պատվոգրերի, առաջին հորիզոնականների, ոսկի մեդալների եւ այլն:

Meghr Meghr2

Արմեն Մարգարյանի պատմելով՝ դեռեւս օգոստոս ամսին Հայաստանում ֆրանսիացիների կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ հանրապետությունից 300 մեղվապահ իր պատրաստած մեղրը ներկայացրել էր օտարերկրացիներին, սակայն համապատասխան ստուգման արդյունքում միայն 15 հոգու պատրաստած մեղրն է համապատասխանել միջազգային ստանդարտներին՝ սախարոզայի տոկոսայնությունը ցածր է եղել 6.5 տոկոսից, իսկ մյուսներինը՝ 7 տոկոսից բարձր:

«Իմ եւ մյուս 14 հոգու մեղրի սախարոզայի տոկոսայնությունը 5 տոկոսից ցածր է եղել, այդ նմուշները վերցրեցին՝ ուղարկեցին Ֆրանսիա, որտեղ նորից ստուգեցին: Իմ, կապանցի Հախյան Յուրայի մեղրը եւ Տավուշի մարզից մեկ հոգու մեղրն առաջին տեղ զբաղեցրեց, սախարոզայի տոկոսայնությունը 2.5-3 տոկոս էր: Իրենք տեսան, որ բարձրակարգ մեղր է, միջազգային չափանիշներից մի բան էլ բարձր, պայմանավորվածություն էինք ձեռք բերում, որ հաջորդ տարի մոտ 20 տոննա մեղր արտադրենք ու ուղարկենք» ,-ասաց մեղվապահը:

Ֆրանսիացիները մտադիր էին նաեւ ներդրումներ անել Կապանում, մեղվափեթակներ ավելացնել, մեծ քանակի մեղր գնել ֆրանսիական շուկայի համար, որտեղ էլ հայկական մեղրը կվաճառվեր Ֆրանսիայի բնակչությանը: Սակայն նախնական պայմանավորվածությունները եւ արդեն մեկնարկած բանակցություններն օդում մնացին, երբ ՀՀ նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միություն մտնելու որոշման մասին:

Ինչպես հավաստիացրեց զրուցակիցս՝ սեպտեմբերից առայսօր այդպես էլ ոչ մի առաջընթաց չգրանցվեց: «Մաքսային միությանը միանալու հայտարարությունը կարծես թե սառը ցնցուղ լիներ: Մոտ 10 տարի է՝ մենք պայքարում ենք միջազգային շուկա դուրս գալու համար, որը վերջապես ստացվում էր, բայց այդ հայտարարությունից հետո գործը կանգնեց: Հիմա այդ մարդիկ սպասում են, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի, վստահությունը կորցրել են մեր ղեկավարության հանդեպ, ամեն անգամ տարբեր բաներ են ասում: Միեւնույն է՝ այստեղի մեղրը գտնելու են, չենք կորելու, ուղղակի ժամանակի անտեղի կորուստ է, դժվարացնում են ամեն ինչ…» , – նշեց հ/կ նախագահը:

Արմեն Մարգարյանը հավաստիացրեց, որ Կապանի տարածաշրջանում մեղվաբուծությունը զարգացնելու մեծ հնարավորություն կա եւ այն եկամտաբեր գործ է, մնում է մեղրի իրացման խնդիրները լուծվեն: Մեղվապահները մտադիր էին ֆրանսիացիներին բարձրակարգ մեղրը վաճառել նույն տեղական գներով՝ 7-8 եվրոյով, թեեւ Կապանի մեղրը Ֆրանսիայում շատ ավելի թանկ գներով վաճառքի պիտի հանվեր: «Այնտեղ մոտ 50-60 եվրո կարժենար մեր մեղրը, մեզանից այնտեղի գնով վերցնեն՝ շատ լավ է, մեղրի իրացման խնդիր չենք ունենա, մեղվաբույծներն էլ դեռ իրենց փեթակները կավելացնեն: Իսկ հիմա անորոշ վիճակում սպասում ենք…, մեր կառավարությունը մեզ ոչ մի բանով չի օգնում, դեռ մի բան էլ խանգարում ու վնաս է տալիս» – հավելեց Կապանի տարածաշրջանի «Մեղու» հ/կ նախագահ Արմեն Մարգարյանը եւ մեծ հույսով սպասում է լավ նորությունների:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Բնապահպանները ասում են ամենաաղտոտված շրջանն է, Ֆրանսիացիները մեղրը գնահատել են գերազանց։ Չգիտեմ ով ինչպես, բայց ես սկսում եմ այլևս ոչ մի բանի չհավատալ։

  2. Abrahamyan says:

    Արմենին շատ լավ գիտեմ: Նա շատ ազնիվ ու ջանասեր մարդ է:
    Կարծում եմ նա անպայման կունենա մեծ հաջողություններ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728