Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր Վարդան. «Իմաստ չկա ուրիշներին կապկելու»

Փետրվար 12,2014 16:21

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին: Հայ երիտասարդների շրջանակներում սուրբ Վալենտինի օրն առավել տարածված է, քան՝ սուրբ Սարգսինը: Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից մեկն է: Այն նշվում է բուն Բարեկենդան տոնից 15 օր առաջ: Ի տարբերություն սուրբ Սարգսի տոնի՝ սուրբ Վալենտինը շարժական չէ և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին:

«Այս երկու տոների խորհուրդներն իրար նման են, և դա կարելի է բացատրել նրանով, որ սրբազան կերպարների ժամանակահատվածները համընկնում են,- ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը և ավելացրեց ,- մեր ազգային տոների մի զգալի մասը կարծես թե մոռացության է մատնվել, հեռացվել իր ազգային հիմքից, բարեբախտաբար հայ եկեղեցու և մամուլի ջանքերով փորձ է կատարվում վերականգնել դրանք»:

«Սուրբ Սարգսի տոնը գնալով առավել հայտնի է դառնում և տարիների ընթացքում ավելի հանդիսավոր կերպով է նշվելու: Եթե ունենք Սուրբ Սարգսի տոնը, իմաստ չկա ուրիշներին կապկելու»,- ասաց Նորագավիթի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդանը:

Սուրբ Սարգսի տոնը հաճախ կապվում է Արա Գեղեցիկի և Շամիրամի մեծ սիրո հետ: Այս տոնը խորհրդանշում է ոչ միայն սեր, այլև բնության զարթոնք և բարեբերություն: Տոնն իր մեջ ներառում է տարբեր արարողակարգեր, որոնք են՝ աղի բլիթի և փոխինձը կամ ալյուրը տանիքին դնելու արարողությունները: Ըստ ավանդույթի՝ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, և եթե երազում հայտնված երիտասարդն իրեն ջուր տա, ապա այդ տարի նա կգտնի իր երկրորդ կեսին:

Այն հարցին, թե արդյոք եկեղեցին ընդունո՞ւմ է այս ավանդույթները, պրն. Հայրապետյանը պատասխանեց. «Եկեղեցական տոն և ազգային տոն հասկացությունները չպետք է տարանջատել իրարից, ժամանակն է, որ դրանք հնչեն մեկ բառով՝ ազգային»:

Տեր Վարդանն այս հարցի շուրջ հայտնեց իր տեսակետը, որ եկեղեցին պետք է ոչ թե արգելի, այլ խմբագրի այն ավանդույթները, որոնք դեմ են եկեղեցուն և քրիստոնեությանը, ինչն էլ այժմ արվում է: Դրանք հիմա կարելի է կոչել ժողովրդական խաղ, զվարճանք: Եկեղեցին հարգում է այդ ավանդույթները, սակայն հետևում է, որ դրանք չդառնան պաշտամունք:

Վերջում տեր Վարդանը հավելեց. «Եթե մարդ հավատով ուտում է այդ բլիթը և խնդրում է Աստծուն՝ երազում ցույց տալ իր երկրորդ կեսին, Աստված իր խնդրանքը կատարում է»:

Նշենք նաև, որ փետրվարի 15-ին, ժամը 14:30-ին լինելու է երթ, որի մասնակիցները Սուրբ Սարգիս եկեղեցուց թմբուկներով և ձիավորներով կուղևորվեն դեպի Սիրահարների այգի:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728