Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները

Փետրվար 12,2014 16:04

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին ու ԱԻՆ ստորաբաժանումներին շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունն իսկապես սերտ է և կարևոր.
«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաև տարեկան ամփոփիչ հաշվետվությունում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա տարիներին մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու այն պատասխանատվությունը, որ կրում ենք Երևանի ու երևանցիների առջև, կկարողանանք վերածել առավել արդյունավետ աշխատանքների: Ամենակարևոր ձեռքբերումը, որն այսօր կառանձնացնեմ դա երևանցու վստահությունն ու հավատն է փրկարարի աշխատանքի նկատմամբ, որն, անշուշտ, քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունք է, և դա մեր բոլորի ամենամեծ գնահատականն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշվի առնելով մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ միջոցների առկայության կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատական՝ համայնքային բյուջեից վերոնշյալ հաստատությունների համար կրակմարիչներ գնելու նպատակով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական աջակցության ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել է, որ համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաև նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Բավարար գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքային ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցությունը ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչությանը՝ մայրաքաղաքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Ամփոփիչ նիստի շրջանակում Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, արտակարգ իրավիճակների կանխմանն ու հնարավոր հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով է պարգևատրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:

Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ 2013թ. ընթացքում կատարած արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն էլ պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, իսկ քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր ու ստորաբաժանումների ղեկավարներ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728