Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

Փետրվար 12,2014 15:44

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ (նշվում է փետրվարի 11-ին) և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը», – ասել է կառավարության ղեկավարը:

Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, և հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:

Նշվել է նաև, որ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարավորություն կտա քննարկել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Համագործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով երկուստեք կարևորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը: Պարոն Ռեիսին վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728