«Բանդայի գործով» հերթական անգամ ուժեղացվել էր ամբաստանյալների հսկողությունը եւ նրանց ուղեկցողերի թիվը նկատելիորեն ավելացել էր:
Ուղեկցողները, սակայն, դատարան չբերեցին ամբաստանյալ Քյարամ Ամոյանին:
Դատական նիստը սկսվեց եւ նախագահողը՝ Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչատրյանի եւ տեղակալ Միքայելյանի փետրվարի 5-ի գրությամբ հայտնվել է. «կալանավորը ներկա առողջական վիճակով չի կարող մասնակցել փետրվարի 12-ի դատական նիստին»:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի պաշտպան Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ դատական նիստերին իր պաշտպանյալն անվերջ վատանում էր, եւ հաճախակի շտապօգնություն էր կանչվում: Նիստերի հետաձգման պատճառով նա վատ վիճակում էր հայտնվում, մտածում, թե իր պատճառով իր ընկերների գործը հետաձգվում է: Պաշտպանն ասաց, որ դիմել է հոգեբույժի՝ Չիլինգարյանին, որը 2 ժամ հետազոտել է հիվանդին, ասելով, թե նա չի ընկալում ինչի համար է դատարան տարվում, ինչ է կատարվում, հոգեբույժի կողմից ճանաչվել է սահմանափակ անմեղսունակ: Պաշտպանն ասում էր, որ պետք է անջատվի նրա մասով, որպեսզի չխոչընդոտվի գործի քննությանը:
Մեղադրողը՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ առանց ամբաստանյալի որեւէ որոշում կայացնել չի կարելի, նույնը պնդեց նաեւ պաշտպանական կողմը:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն էլ ասաց. «Նա հիվանդ տղա է, թողեք գնա բուժվի»:
Դատավորը ուշադրություն հրավիրեց ԴՀ գրության վրա, որով հայտնվել էր, թե կալանավորը չի կարող մասնակցել փետրվարի 12-ի նիստին:
Բնականաբար, տրվեց եւ մեկ «հնարավորություն» մինչ հաջորդ՝ փետրվարի 19-ի նիստը, որպեսզի հստակեցվի ամբաստանյալի հետագա մասնակցության հարցը:
Դատավորը նաեւ ասաց, թե իր տպավորությամբ, նախորդ նիստին ամբաստանյալն ընկալում էր, թե ինչ է կատարվում:
Հիշեցնենք, որ խումբը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում եւ առանձնատներում կատարված գողությունների համար: Ավանդաբար, այս գործի քննությանը «տուժողներից» որեւէ մեկը ներկա չի գտնվում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ