Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԳՆ վարչության պետ. «Մեր խնդիրները զուտ ֆինանսական են» (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 15:11

«2013 թվականը կարելի է գնահատել դրական՝ դպրոցական մարզական խաղերին աշակերտների մասնակցության թվի ավելացման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը:

«Մենք 2013 թվականին առաջին անգամ մասնակցեցինք դպրոցականների առաջնությանը: Առաջին անգամ մասնակցեցինք Գիմնազիադային, եւ առաջին անգամվա համեմատ մենք այն կարող ենք գնահատել դրական, քանի որ մենք ունեցանք նաեւ նվաճումներ: Ունեցանք ոսկե մեդալ, բրոնզե մեդալ, բացի դրանից՝ 2013 թվականը, ներքին հայաստանյան մասշտաբներով ասեմ»,- ասաց նա:

ԿԳՆ-ի կողմից կազմակերպված սպարտակիադային, նախորդ տարիների համեմատ, 100-150 աշակերտ ավելի մասնակցեց Հայաստանի առաջնությանը: Պարոն Այվազյանը նշեց, որ հայաստանյան առաջնությունից են ձեւավորվում թիմեր, որոնք պետք է մասնակցեն միջազգային մրցույթների:

Ըստ նրա՝ այս տարի նաեւ ուսանողները կմասնակցեն միջազգային մրցույթների:

Պարոն Այվազյանն ասում է, որ 2014 թվական դեռ նոր է սկսվել եւ բավականին լավ, որովհետեւ այս տարի մենք ունենք չորս սպորտաձեւեր, որոնցով պետք է Հայաստանը ներկայանա աշխարհի միջազգային մրցույթների: «Դրանք սեղանի թենիսն է, վոլեյբոլը, հանդբոլը եւ ֆուտզալը: Վոլեյբոլին կմասնակցեն եւ՛ տղաները, եւ՛ աղջիկները, իսկ ֆուտզալի դեպքում կմասնակցի, ըստ նախնական պայմանավորվածության, միայն տղաների թիմը՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով»:

Մեր այն հարցին, թե որոնք են խնդիրներն ու թերացումները դպրոցականների սպորտային պատրաստվածության հարցում եւ ինչպե՞ս պետք է լուծենք դրանք՝ միջազգային հարթակում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար, պարոն Այվազյանը պատասխանեց. «Մեր խնդիրները զուտ ֆինանսական են: Ուսումնամարզական հավաքներ, ենթադրենք: Յուրաքանչյուր մարզիկ, յուրաքանչյուր երկիր իր հավաքական թիմերին նախապատրաստում է, բոլորս էլ գիտենք սկսած երկու, մեկ տարի առաջ: Մենք մեր հավաքական թիմերը նոր ենք ձեւավորում եւ պետք է պատրաստենք մեկ ամիս, որովհետեւ ապրիլ ամսին արդեն խաղերն են»: Նա նաեւ նշեց, որ օրինակ՝ 2015 թվականի միջազգային մրցույթներին մասնակցող հավաքականները արդեն այս տարվա սպարտակիադայից կորոշվեն:

Արման Այվազյանը նշեց, որ հանրապետական շատ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան անուշադրության է մատնված եւ ասաց, որ դրանց նկատմամբ ԿԳՆ ուշադիր է: Եվ եթե առարկան անտեսված է դպրոցում, ապա, ըստ պարոն Այվազյանի, դրա մեղավորը միայն ուսուցիչն է: «Մենք ուսուցիչների հետ հանդիպումների ժամանակ ասում ենք՝ հարգելի ուսուցիչներ, հնարավորինս ձեր ժամերը զերծ պահեք վերջին ժամերից: Թող չլինի հինգերորդ ժամին, թող լինի երրորդ ժամին»:

Մեր այն հարցին, արդյոք ԿԳՆ-ն որեւէ սեկտորի հետ համագործակցում է ֆինանսական խնդիրները լուծելու համար, պարոն Այվազյանը պատասխանեց. «Որեւիցե մի սեկտորի, թեկուզ մասնավորի, համագործակցություն չունենք՝ գույքային հարցեր լուծելու համար: Մենք հույս ունենք, ավելի ճիշտ աշխատում ենք այդ ուղղությամբ, որ դպրոցականների Միջազգային ֆեդերացիան աջակցություն կցուցաբերի եւ՛ նյութական, եւ բովանդակայի՛ն եւ ենթադրենք՝ նաեւ գույքային: Արդեն պայմանավորվածություն կա, որ ցանկացած ծրագրի մասնակցություն ունենանք»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728