Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ընդդիմադիր ուժերի քննարկումը` կառավարությանն անվստահություն հայտնելու հարց շուրջ: Հիշեցնենք, որ քննարկմանը մասնակցում էին ՀԱԿ-ից խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից ներկա էին Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից`Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»`Ռուբեն Հակոբյանը:
Մեկուկես ժամ տեւած քննարկման արդյունքում վերջնական որոշում դեռ չկա: Aravot.am-ի հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չբացառեց, որ փետրվարի 24-ին մեկնարկելիք քառօրյայում արդեն ընդդիմադիրները առաջարկով հանդես կգան:
Այսօրվա հանդիպումը, մեր զրուցակիցը արդյունավետ է որակում. «Մենք պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն կբերի նախագիծը, թե ի՞նչ ձեւով է պատկերացնում եւ ի՞նչ նախագծով պետք է ներկայանանք: Բնական է, որ այդ չորս նախագիծը միանգամից չէինք կարող քննարկել: Որոշակի վերաբերմունք արտահայտվեց նախագծերի վերաբերյալ»:
Քննարկման մասնակիցները նախագծերը կքննարկեն նաեւ սեփական խմբակցություններում, ապա, առաջիկա օրերի ընթացքում կկայանա երկրորդ աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում էլ վերջնական որոշման կհանգեն:
Կարդացեք նաև
«Չորս ուժերի մոտ էլ կար ընդգծված կեցվածք, ցանկություն կար, որ ենք կարողանանք միասին, այս ձեւաչափով միասնական օրակարգ ունենանք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ վերջնական եւ ամբողջական տեսակետ կարտահայտեն միայն վերջնական որոշումից հետո:
Ներկայացված չորս նախագծերի վերաբերյալ մանրամասներ «Ժառանգության» ղեկավարը չհրապարակեց, հորդորեց սպասել մինչեւ վերջնական որոշում, քանի որ հաճախ անգամ շատ միամիտ կամ ոչ վնասակար խոսքը դառնում է պատճառ`ձեւաչափի չկայացման գործում շահագրգիռ ուժերի համար` հակադրելու ձեւաչափում գործող ուժերին:
Լրագրողներից մեկի հարցին, որ անցած նստաշրջանում, երբ ՀԱԿ-ը հայտարարեց կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին, լուրեր տարածվեցին, որ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցություններն են ժամանակավորապես հետաձգել այդ գործընթացը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այն ժամանակ ոչ իշխանական ուժերի միասնական այս ձեւաչափը դեռ չէր գործում, ուստի տարբեր մեկնաբանություններ եղան. «Բայց եթե ուշադրություն դարձրել եք, բոլոր ուժերն էլ տարբեր առիթներով եւ տարբեր ժամանակահատվածում կառավարության աշխատանքի հետ կապված իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել են եւ եթե չեմ սխալվում, բոլոր ուժերն էլ թե կառավարության հնգամյա ծրագիրը հաստատելու ժամանակ, թե բյուջեի քննարկումների ժամանակ բացասական են գնահատել աշխատանքը եւ դեմ են քվեարկել եւ ծրագրին եւ բյուջեին: Այնպես որ, դա հարց չի եղել երբեք, այս չորս ուժերի մոտ գոնե»:
Մեկ այլ հարցի, որ իշխանությունները ոչ իշխանական ուժերին մեղադրում են միայն վարչապետի աթոռի համար պայքար մղելու մեջ, Հակոբյանն ասաց. «Բնական է, որ իշխանությունը պետք է փորձի ճաք ստեղծել եւ սադրիչ մեկնաբանություններ տալ: Դա իրենց տեխնոլոգիաների մեջ մտնում է, բայց այս ուժերից յուրաքանչյուրը, կարծում եմ, մեր անունից հաստատ կարող եմ ասել, որ ամբողջական իշխանափոխության հարց ձեւավորված է: Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ պայքարը վարչապետի դեմ է ուղղված: Ես չեմ կարծում, որ մարդիկ չեն լսել մեր ելույթները, հարցազրույցները, հոդվածները»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ