ՀՀՇ գործադիր քարտուղարը վստահ չէ, որ կառավարությանն անվստահություն
հայտնելու ընդդիմադիրների նախաձեռնությունը հաջողություն կունենա:
«Կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը նույնպես անհաջողության կմատնվի: Ցավալիորեն, Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը ձեւավորել է մի մեծամասնություն, որը սվիններով է դիմավորում ընդդիմության ցանկացած առաջարկ, անգամ եթե դա որեւէ կոնկրետ բնագավառի կոնկրետ բարեփոխմանն է վերաբերում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին` ՀՀՇ-ում ինչպե՞ս են վերաբերվում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Հիշեցնենք, որ «գազի հարցով» խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո խորհրդարանական ընդդիմադիր ուժերը քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը: Այսօր տեղի է ունենալու այդ թեմայով առաջին քննարկումը:
Մեր զրուցակիցը ցավով է նկատում, որ քաղաքական մեծամասնությունը հաճախ անգամ չի էլ քննարկում ընդդիմության առաջարկները. «Իշխանական մեծամասնությունը միտված չէ քննարկումների եւ ցանկացած հարց դիտարկում է` «ճիշտ եմ անում, լավ եմ անում» սկզբունքով: Իշխանական մեծամասնության մոտ ներշնչանք կա, որ իր բոլոր քայլերն ուղղված են հանրության, ՀՀ-ի բարօրությանն ու բարգավաճմանը, բարեկեցությանը, իսկ ընդդիմությունը ինչ-ինչ քաղաքական դիվիդենդներ շահելու դրդապատճառներով քննադատության է ենթարկում իշխանությունների գործողությունները»:
Մեր դիտարկմանը` այս պարագայում ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը, արդյոք ժամանակը չէ՞, որ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ խորհրդարանականի հետ համաձայնեցված գործի, որպեսզի արդյունքներ լինեն, մեր զրուցակիցն ասաց. «Ընդդիմության գլխավոր անելիքներից մեկն այն է, որ ընդդիմությունը իրավունք չունի կտրվել հասարակությունից: Առհասարակ, ցանկացած քաղաքական ուժ, որը մեկուսանում է հանրությունից, դատապարտվում է անհաջողության»: Այս համատեքստում մեր զրուցակիցը նկատում է, որ ՀՀՇ-ն ակտիվորեն ներգրավված է հասարակական գործընթացներում, մասնավորաբար՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարին: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գուցե ինչ-որ երկրներում հաջողություն է ունեցել, ինչ-որ երկրներում` անհաջողություն, սակայն խնդիրը դա չէ: Հարցն այն է, թե արդյոք այսօր Հայաստանում ժամանա՞կն էր համակարգը ներդնելու, արդյոք ՀՀ քաղաքացիներն այնպիսի սոցիալական վիճակո՞ւմ են գտնվում, որ հնարավորություն ունենան տվյալ գումարը վճարել առանց այդ էլ չնչին աշխատավարձերից»: Մեր զրուցակիցը վերապահում ունի նաեւ տարիքային սահմանի մասով ու ոչ մի կերպ չի կարողանում ընկալել հաշվարկը, թե ինչո՞ւ 1974 թվականին ծնվածների վրա է օրենքը տարածվելու, ինչո՞ւ, ասենք, 1973 թվականին ծնվածներն ազատվում են այդ պարտադիր վճարումից: Ինչո՞ւ է առանձին տարիքային բաժանում արված, եթե տրամաբանորեն եւ օրենսդրությամբ կա չափահաս ու անչափահաս բաժանումը: Կարեն Կարապետյանին հետաքրքրում է նաեւ, թե ինչո՞ւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, ում վրա այս օրենքը չի տարածվում, կամավոր կարգով չեն դիմում այդ քայլին, եթե այդքան համոզված են, որ այս օրենքը շատ լավն է: «Ինչո՞ւ չեն ցանկանում ապահով ու բարեկեցիկ ծերություն ունենալ` ինչպես մեզ են խոստանում»,- հարց է հնչեցնում մեր զրուցակիցը` հավելելով, որ իր համոզմամբ՝ իշխանությունն առաջնորդվում է հետեւյալ տրամաբանությամբ. «Այսօր այդ գումարները հավաքենք, վաղն ինչ լինում է` թող լինի: Երբ գա այդ գումարները վերադարձնելու ժամանակը` իրենք հաստատ իշխանության չեն լինի, ու թե ով կամ ինչպես կվճարի՝ իրենց համար կարեւոր չէ: Դուք մի մտածեք իմ ծերության մասին այդպես փութաջանորեն: Ես իմ ծերության մասին կմտածեմ: Բայց ինձ մի զրկիր ներկայից` ապագայի խոստումով, մանավանդ, որ ինքդ չես հավատում այդ ապագային ու ապահով Հայաստանին: Եթե ներկայիս իշխանավորները հավատային ապահով Հայաստանին, այսօրվա թոշակառուներն այս թշվառ վիճակում չէին լինի»: Ինչպես շատերին, մեր զրուցակցին էլ հասկանալի չէ, թե ինչու են այդ գումարները տրվում արտասահմանյան ֆոնդերի կառավարմանը:
Այն խոսակցությունները, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ ծավալվող ալիքը կհանգեցնի վարչապետի պաշտոնանկության, մեր զրուցակիցը լուրջ չի համարում. «Հայաստանում բավականին իրավիճակներ են եղել, երբ կառավարության ծրագիրը ֆիասկո է ապրել, բայց կառավարության հրաժարականը, ցավոք, որեւէ աղերս չի ունեցել դրա հետ: Հայաստանում հրաժարականները հիմնականում քաղաքական դրդապատճառներ են ունեցել: Այս դեպքում վարչապետին պաշտոնանկ կանեն, թե ոչ` չգիտեմ, բայց մի բանում վստահ եմ` պաշտոնանկ կանեն այս վարչապետին եւ կբերեն մեկ այլ մարդու, դա ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացու կյանքում մեծ ազդեցություն չի ունենա: Հայաստանում համակարգային փոփոխություն է պետք»:
Կարդացեք նաև
Ինչ մնում է ընդդիմադիր ուժերի համագործակցությանը, ՀՀՇ-ն դեմ չէ համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կներկայացնեն ծրագրեր, քայլեր, գործողությունների պլան, որը կհամընկնի եւ կհամապատասխանի ՀՀՇ-ի պատկերացումներին, ու որի իրական նպատակները կլինեն ՀՀ-ի ժողովրդավարացումը, ՀՀ քաղաքացու բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը: «Մենք միտված չենք մեկուսանալ քաղաքական դաշտից, օտարվել քաղաքական ուժերից»,- ասաց Կարեն Կարապետյանը: ՀՀՇ-ում խնդիր չեն տեսնում նաեւ երբեմնի գործընկերների` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասով. «Չունենք ծայրահեղ մոտեցումներ ոչ մի կուսակցության նկատմամբ: Պատրաստ ենք համագործակցել նաեւ ՀԱԿ-ի հետ, եթե այդ համագործակցության հիմքում լինեն իրական քայլեր` միտված ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացու շահերին: Եթե ինչ-որ ժամանակաշրջանում ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի ծրագրերը համընկնեն, մենք պատրաստ են համագործակցել»:
Ընդհանուր առմամբ, մեր զրուցակցի համոզմամբ, եթե ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերը չկոնսոլիդացնեն եւ չառաջնորդեն հասարակությանը, հասարակությունն իր միջից կծնի առաջնորդների ու կգնա իր նպատակների իրականացմանը, քանի որ դժգոհության ալիքն օր օրի ավելանում է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ