Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը արցախյան շարժման 26-ամյակի առթիվ

Փետրվար 12,2014 14:04

26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը:

Հաշված օրերի ընթացքում ազգային-ազատագրական պայքարի ալիքը ծավալվեց Արցախում, ամբողջ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում` վերածվելով հուժկու համազգային շարժման:

Ավելի քան վեց տարի տևած պայքարի ընթացքում մեր ժողովուրդը մեծ զրկանքների ու բազում զոհերի գնով պատմական Արցախի մի զգալի մասն ազատագրեց և փաստացի միացրեց Հայրենիքին:

Այդ ազատագրումն ընթանում էր աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի համատեքստում, ինչի հետևանքով փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ այն կազմող հանրապետությունները, այդ թվում` Խորհրդային Հայաստանը, “դե յուրե” դարձան անկախ պետություններ:

Սակայն, եթե մեր ժողովուրդը քաջ գիտակցում էր Արցախի ազատագրության համար անհրաժեշտ զորահավաքի և զոհողությունների կարևորությունը և վեհանձնորեն լուծեց խնդիրը, ապա “դե յուրե” և “դե ֆակտո” անկախության միջև գոյություն ունեցող ճանապարհի հաղթահարման խնդիրը ոչ միայն չձևակերպվեց, այլև դարձավ այն փորձաքարը, որի վրա սայթաքեց Հայաստանի նորանկախ պետությունը և իր ժողովուրդը:
Վերջինս դեռ նոր պիտի ճաշակեր նորգաղութային և հետգաղութային գայթակղությունների ու ճնշումների այն ողջ տեսականին, որին ծանոթ էին ավելի վաղ գաղութային ճնշումներից ազատագրված Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները և, որոնք այս մարտահրավերներին դիմագրավելու դրական և բացասական մարտավարությունների հարուստ փորձ էին հասցրել կուտակել:

Ըստ էության, Արցախի ազատագրման գաղափարով սկսված ազգային-ազատագրական շարժումն նոր է թևակոխում պայքարի այդ փուլը:

Ազգի արժանապատիվ և մարտնչող մասը խաղաղության պայմաններում բավարար չափով զգոնություն և հասունություն չցուցաբերեց, և թույլ տվեց, որ իշխանությունը երկրում զավթվի ստրկամիտ ու խամաճիկային կոմպրադորային խավի կողմից, որը հանուն անձնական ու կլանային շահի երկիրը հասցրեց սնանկացման եզրագծին:

“Դե ֆակտո” անկախությունն այդպես էլ իրականություն չդարձավ` յուրային, այն է` ազգային շահերով առաջնորդվող վարչակազմի բացակայության պատճառով: Փոխարենը մենք գործ ունենք ապազգային և անմարդկային մի համակարգի հետ, որը օտար զավթիչի կրքոտությամբ ու նպատակասլացությամբ կեղեքում է երկիրն ու ժողովրդին` ստիպելով նրան զանգվածաբար արտագաղթել Հայրենիքից:

Յուրային ժողովրդի դեմ աշխատող հանցավոր այս համակարգի գործունեությունն այժմ արդեն հանգում է իր տրամաբանական ավարտին: Այլևս ի վիճակի չլինելով պահել անկախ պետականության վերջին մնացորդները, նա հապշտապ կերպով նախաձեռնել է Հայաստանը Մաքսային, իսկ դրանից հետո` նաև Եվրասիական Միությանը միացնելու սին փորձերը:

Ռուսական կայսրությանը նորացված տեսքով վերականգնվելու գործընթացը, անխուսափելի տրամաբանությամբ նորից հանգեցնելու է Արցախի հարցի նորովի սրմանը՝Հայաստանից նրա “դե ֆակտո” օտարման միակ լուծման հեռանկարով:

Նախախորհրդարանը, ի տես հայկական պետականության կորստի ռեալ վտանգի, այս հիշարժան ու տոնական օրվա կապակցությամբ ոգեկոչելով արցախյան պայքարը և հաղթանակը, իր վստահ համոզմունքն է արտահայտում, որ մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլում Արցախի հարցի հերթական սրումը ավարտվելու է ազգադավ վարչախմբի տապալմամբ և ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման նոր համակարգի ստեղծմամբ, որի միջոցով էլ հնարավոր կլինի ապահովել հայկական պետության ինքնիշխանությունը և Արցախի հարցի “դե յուրե” լուծումը՝ Հայաստանի հետ միավորումը:

Մենք ե՛նք տերը մեր երկրի…

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728