Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումը, որով նա վիճարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի սահմանադրականությունը:
Ըստ «Փաստինֆո»– ի, ՍԴ-ի՝ փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը նշանակվել է մայիսի 20-ին՝ գրավոր ընթացակարգով: Վիճարկվող հոդվածով, մասնավորապես, սահմանված էր, որ դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով: Ինչպես սոցիալական ցանցում գրել է իրավաբան Արա Ղազարյանը, նախկին դատավորի անունից իրենց կողմից ներկայացված դիմումով վիճարկվում է օրենքի հետադարձ կիրառությունը, որի արդյունքում դատավորը կրել է գույքային էական վնաս՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով իր կենսաթոշակից, որը նա վաստակել էր տարիների իր աշխատանքով։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում