Այսօր «Հայելի» ակումբում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու Քաղաքական եւ միջազգային հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձան Սոչիում տեղի ունեցող օլիմպիադային:
Արդյոք քաղաքականացվա՞ծ էր օլիմպիադան, թե՞ ոչ հարցին պատասխանելով՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ եթե օլիմպիադան անցկացվում է գերտերություններում, ինչ որ առումով քաղաքականացվում է:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով էլ` օլիմպիական խաղերը չեն կարող չքաղաքականացվել ու քաղաքականացվում են այն աստիճանի, որքան տվյալ երկիրը գտնվում է միջազգային հանրության թիրախում, կիզակետում:. «Օլիմպիադայի քաղաքականության բաղադրիչն այն էր, որ փաստորեն միջազգային համայնքի առաջատար երկրների ղեկավարներն առաջին դեմքերով չեն ներկայացել օլիմպիադային, ինչը պուտինյան Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունք էր: Ներկա էին միայն հետխորհրդային բռնապետերը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը: Ավելացրեց, որ այսօր Ուկրաինայում կարեւոր գործընթաց է տեղի ունենում, այն ունի ներքին տրամաբանություն, քանի որ բերել է հանդարտ փուլի:
Կրկին վերադառնալով օլիմպիադային՝ Կարեն Քոչարյանը շեշտեց հետեւյալը. «Վրաստանը բողոքեց, որ քարտեզը ցուցադրելու ժամանակ Աբխազիայի մասը ամպով փակված է եղել: Ես հատուկ հետեւել եմ, երբ ցուցադրվում էր Ադրբեջանի քարտեզը, նույն կերպ ամպով փակված էր նաեւ Լեռնային Ղարաբաղը»: Կարեն Քոչարյանը գտնում է`օլիմպիադայից հետո ենթադրվում է, որ Աբխազիայի երկաթուղու բացման խնդիր կլինի, այս հարցը պետք է մեզ հետաքրքրի»:
Կարդացեք նաև
Կարեն Քոչարյանը նաեւ ավելացրեց, որ զարմանում է, թե ինչու ենք մենք անդրադառնում Մայդանին.«Ես մեր ընդդիմադիրների հորթի հրճվանքը չեմ հասկանում, որոնք հետեւում ու զվարճանում են: Մայդանում սենց եղավ, նենց եղավ, բա ստե՞ղ, բա մե՞ր խնդիրները… Այսօր խոսում ենք գազի խնդրից, բայց մոռանում ենք էլեկտրաէներգիայի մասին, որը երեսուն տոկոսով է թանկացել: Ինչո՞ւ ենք այս մասին լռում»,- հարցնում է քաղտեխնոլոգը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ