Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն գրողի պոետիկան առնչվում է աստվածաշնչյան խոսքի համատիեզերական հղացումներին

Փետրվար 12,2014 13:52

Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է

«Առավոտը» բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանին խնդրեց ընդհանուր գծերով ներկայացնել վերջերս Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված իր մենագրությունը: Պարոն Գրիգորյանը հայտնեց, որ այն բավականաչափ ծավալուն է (շուրջ 600 էջ), այդուհանդերձ սիրով համաձայնեց ներկայացնել դրա «ուրվագիծը»:
Գրողի ստեղծագործությունն անցել է զարգացման երեք շրջան: Առանձին փուլերի որակական անցումները պայմանավորված են լեզվի աստիճանական «սուբյեկտիվիզացիայի» ընթացքով: Կարող ենք ասել, որ 1950-ականներից մինչեւ 1960-ականների առաջին կեսը գրված երկերը «մասին գրականություն են»՝ ակնարկներ, պատմվածքներ, վիպակներ: Դրա լավագույն օրինակներն են «Ահնիձորը», «Մենք ենք, մեր սարերը», «Նանա իշխանուհու կամուրջը», որ տպագրվեց 2003-ին: Այս գործերն առնչվում են մեր գրականության դասական ռեալիզմի ձեռքբերումներին:
Բակունցի, Զորյանի, Մահարու, Մնձուրու ստեղծագործություններն ակնհայտորեն ձեւավորվում են ֆաբուլային ժամանակի եւ տարածության տարակերպ զուգորդումներով: Այդ պատճառով էլ ձայները, լռությունը, գույների համադրությունը ստեղծում են լայնատարած պաննոյի տպավորություն: Պատումի այս ձեւը մարդու, առարկաների, երեւույթների միջեւ եղած կապերը դիտում է որպես որոշակի հարաբերությունների արդյունք՝ բարեկամություն, հարգանք, սեր, թշնամանք, նախանձ եւ այլն: Հետեւապես նման պատումը կարող է իր սոցիալական ընդգծված բովանդակությամբ մղվել տարածական ընդգրկումների: Բնույթով այն ավելի կենտրոնաձիգ է, եւ հերոսների միջեւ եղած կապերը, որոնք ակնհայտ կամ ներթաքուն պատճառներ կարող են ունենալ, մեկնաբանելի են եւ տրամաբանորեն միանգամայն հասկանալի:

Սրանք բնորոշ որակներ են առաջին շրջանի երկերի համար: Ակնհայտ է եւ հեղինակային վերաբերմունքը: Տարանջատված են հեղինակի եւ հերոսի խոսքը: Կերպարները բացահայտվում են «կողքից», դա «մասին» գրականություն է:
60-ականների կեսերից Մաթեւոսյանի արձակն ավիշավորվում է ժամանակի համընդգրկուն բովանդակությամբ, խոսքի իրացման ինքնատիպ սկզբունքով, որ այլաձեւ մարմնավորումներ է ստանում:

«Նախրորդ Հովհաննեսը ծնեց նախրորդ Եսայուն, նախրորդ Եսային ծնեց նախրորդ Հայկազին, նախրորդ Հայկազը ծնեց Ստեփանին, որ արդեն նախրորդ չէր…»:
Մաթեւոսյանին չեն հետաքրքրում աստվածաշնչյան թեմաները, նրան գրավում է նյութի կայացման այնպիսի սկզբունքի հայտնաբերումը, որ նորովի կիմաստավորեր իրականության գեղարվեստական իրացումը:

Ավերինցեւն առանձնացնում է միջավայրի եւ մարդու ընկալման երկու սկզբունքներ՝ միմյանց հակադրելով հունական եւ մերձավորարեւելյան գրականությունները: «Աստվածաշնչյան աշխարհը դա «Օլամն» է… դարը… ժամանակի հոսքը, որ իր մեջ կրում է բոլոր առարկաները, աշխարհը որպես պատմություն: «Օլամի» ներսում տարածությունը տրված է ժամանակային մոդուսի մեջ՝ որպես «զետեղարան» անդառնալի իրադարձությունների… Հույներն ապրում են ներկայում, Արեւելքը՝ ողջ ժամանակի մեջ: Մերձավորարեւելյան պոետիկան (Աստվածաշունչը որպես դրա ամբողջական օրինակ) առակի պոետիկա է, մարդիկ ներկայացվում են իմաստային կապերի մեջ եւ ոչ թե դառնում են նկարագրության օբյեկտ: Հետեւապես հունական «կոսմոսը» տեղակայվում է տարածության, իսկ «Օլամը» շարժվում է ժամանակի մեջ՝ ձգտելով հաղթահարել դրա իմաստային սահմանները (պատումի լուծումը դուրս է գալիս պատումի սահմաններից, առակի բարոյականությունը դուրս է գալիս առակի սահմաններից)» (Аверинцев С. , Греческая литература и ближневосточная словестность, Вопросы литературы, 1971, н. 8, стр 66):

Մաթեւոսյանի ստեղծագործության պոետիկան առնչվում է աստվածաշնչյան խոսքի համատիեզերական հղացումներին՝ ժամանակային համընդհանուր հոսքում այն ընդգրկում է ամեն ինչ՝ երեւույթների իմաստը տեսնելով պատճառահետեւանքային կապերի բացահայտման, երեւույթների համընդհանրության մեջ: Մաթեւոսյանի երկերում դժվար է հարցադրումների ավարտը կամ իմաստը տեսնել միայն դրանց սահմաններում:
Մաթեւոսյանն ընդլայնում է տեքստի սահմանափակ տարածքը՝ ի հաշիվ ժամանակային ծավալումների: Այս կարեւոր բաղադրամասերի (տարածություն եւ ժամանակ) փոխհարաբերությամբ է պայմանավորված արվեստագետի մտածողության կառույցը, նրա աշխարհայացքի, փիլիսոփայական ընկալումների շրջագիծը:

Մինչ Մաթեւոսյանը մենք չենք ունեցել ժամանակը՝ որպես գեղարվեստական աշխարհի հիմնական առարկա հասկացության ըմբռնումը: Առանձին մարդկանց թիկունքում անտեսվել է կյանքը:

Մաթեւոսյանն ընդլայնեց գրականության ժամանակի սահմանները՝ դրանք հենելով մեր հոգու եւ պատմության անընդգրկելի տարածության հենասյուներին:
Գրողի ստեղծագործության շրջանաբաժանումը, որ տարածված է մեզանում, հիմնված է թեմատիկ տարանջատումների վրա՝ «Բեռնաձիեր, Սկիզբ, Երկրի տեր»: Բայց այս բաժանումը չի խոսում որակական անցումների մասին: Բեռնաձիեր են նաեւ սկիզբը միտվող հերոսները: Ստեղծագործության շրջանների մասին խոսելիս առաջին հերթին հարկ է նկատի ունենալ լեզվի զարգացման ընթացքը, ինչն էլ Մաթեւոսյանի պարագայում ընթացել է որոշակի «սուբյեկտիվիզացիայի» ճանապարհով:

1970-ականներին գերազանցապես ստեղծվում է «մենախոսությունների գրականությունը», որտեղ գործող բնավորությունը՝ «ես»-ը, հանդես է գալիս որպես խոսքի սուբյեկտ, այս շրջանի լավագույն օրինակներն են «Աշնան արեւը», «Ծառերը», «Սկիզբը», «Պատիժը» եւ այլն: Իսկ 1980- ականներին խոսքի սուբյեկտը «ես»-ից վերածվում է «մենք»-ի: Նպատակը ժողովրդի հոգեբանության, էթիկայի, նրա նկարագրի բացահայտումն է:

Ճիշտ չէր լինի ասել, թե «մարդկային հոգու դիալեկտիկան» մեր արձակում բացահայտվեց Մաթեւոսյանի ստեղծագործությամբ: Ընդհանրապես այն հաղթահարվեց համաշխարհային գրականության մեջ ավելի վաղ, քան Պրուստի, Թոմաս Մանի կամ Ֆոլքների հանդես գալը:
Մաթեւոսյանը հայ գրականության մեջ ուներ իր ուսուցիչները: Նա շարունակեց նախորդների փորձը՝ ընդլայնելով հերոսի ներաշխարհի սահմանները: Նորարարությունը կապված է նրա հերոսների՝ իրականության անհատական եւ արդարամիտ վերապրումի շնորհիվ հոգեկան աշխարհի ընդլայնման հետ, որ դառնում է ժամանակակից կյանքը գրականության մեջ ամրագրելու արժանահավատ աղբյուր:

Մաթեւոսյանի համար բնավորության ներաշխարհը բացահայտելու ուղիղ ճանապարհը դառնում է մենախոսությունը, որ կառուցվում է որոշակի ռիթմի, տրամադրության («Սկիզբը», «Ծառերը»), ասոցիացիաների («Թափանցիկ օր», «Մեծամոր»), ժամանակի տարբեր պլանների համադրման («Տաշքենդ», «Տախը»), երեւույթների մեկնաբանության հայացքի («Տերը») հիման վրա եւ այլն: 70-ականների գրականության մեջ արդեն Մաթեւոսյանը «իբրեւ առաջին դեմք» իր տեղը զիջեց հերոսներին, որտեղ հեղինակային դիրքորոշումը «վերաբերմունքայինից առաջ զուտ ֆիքսացող է, այսինքն, ասում է՝ այս այսպես է»:

80-ականների երկերում («Տաշքենդ», «Տերը», «Տախը») «պատումի ես»-ը վերածվում է «հավաքական ես»-ի, այն արտահայտվում է որպես «մենք»: Սա «հավաքական ես»-ի ինքնագիտակցության նոր աստիճան է, որ դառնում է մաթեւոսյանական աշխարհընկալման մոդելի բարձրակետը:

Բովանդակային առումով գեղարվեստական աշխարհի զարգացումը եւս որոշակի օրինաչափության է միտում: Մաթեւոսյանը գրականություն է մտնում կյանքի ստանդարտ, ծրագրված կեցության ձեւերը մերժելու եւ գոյության բնական կեսաձեւերը պաշտպանելու անխախտ մտայնությամբ: Գոյության ընթացքն իր միջից դուրս է հանում մեռյալ, կեղծ արժեքները, դրանք ճանապարհ չունեն անցնելիք: Իսկ երրորդ շրջանի գործերում նա պաշտպանում է բոլորի, ամեն մեկի առաջանալու, կայանալու, ներունակ ուժն ազատորեն, առանց սահմանափակման դրսեւորելու իրավունքը: Դրանով հաղթահարվում է կեցության ռեացիոնալիստական իմաստավորման ճգնաժամը եւ առաջնահերթ է դառնում մարդ արարածի կայացման, յուրաքանչյուրի պատասխանատվության խնդիրը:

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728