Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի կողմից կատարվում է շենքի «առգրավում»

Փետրվար 12,2014 13:45

Պաշտոնյան կոչված է ծառայելու ժողովրդին

Երեւան քաղաքի Շինարարների փողոցի 15 շենքում դեռեւս բնակվող քաղաքացիները չեն զիջելու իրենց դիրքորոշումը՝ կապված վթարային շենքն ազատելու հետ: Խնդիրն այն է, որ շենքում դեռեւս բնակվողներն ունեն իրենց պահանջները՝ վերաբնակեցվելու հարցում: Քաղաքապետարանի կողմից առաջարկվել է վերաբնակեցում, սակայն, ինչպես նշում են բնակիչները, քաղաքապետարանի առաջարկած նոր բնակարանները համարժեք չեն իրենց ունեցած բնակմակերեսին, հաղորդում են նաեւ, որ քաղաքապետարանը տարբեր մոտեցում է ցուցաբերում շենքի նույն կարգավիճակում գտնվող բնակիչների միջեւ՝ դրանով իսկ խախտելով նրանց իրավունքները:

Այդ մասին կա նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը քաղաքապետարանի իրավախախտման վերաբերյալ: Խնդրի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից կատարվում է շենքի «առգրավում», որի ծանր հետեւանքները ստիպված են լինում քաշել բնակիչները: Նրանք թվով 17-ն են եւ առաջացած խնդրի վերաբերյալ գործածում են օրենքի սահմանը չանցնող ամեն տարբերակ, ինչպես նաեւ՝ դիմել են դատարանի միջամտությանը (գործը գտնվում է դատական վարույթում):

Այդպիսով, բնակիչներն իրենց կոչն են անում Երեւանի քաղաքապետարանին, մասնավորապես՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պատասխան արձագանք ակնկալելու միտումով, որպեսզի կատարվող գործողությունները լինեն օրինական ճանապարհներով եւ չխախտվեն մարդու ազատություններն ու իրավունքները: «Առավոտը» մեջբերում է բնակիչների կոչը. «Մարդիկ, որոնք պաշտոնի բերումով պետք է լսեն մեզ, հասկանան եւ փորձեն նորմալ, առանց շանտաժի լուծում տալ մեր խնդրին, մեղմ ասած, խուսափում են, եթե չասեմ՝ ագրեսիվ վարքագիծ են դրսեւորում, մոռանալով, որ պաշտոնյան կոչված է ծառայելու ժողովրդին: Այսպիսով, մենք առաջարկում ենք քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչների, լրատվական տարբեր միջոցների, իրավաբանների (երկկողմանի), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի եւ բնակիչներիս հանդիպումը մեր շենքում: Եվ պատրաստվեք մեր շենքի բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ ինֆորմացիայի թափանցիկությունն ապահովել: Թե չէ՝ գալ, գողունի ջուրն ու հոսանքն անջատել, հիվանդ մարդկանց, փոքր երեխաներին եւ, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիներին ապօրինաբար զրկել առաջին կարգի կենսական անհրաժեշտությունից, դա նույնիսկ թշնամին չէր անի:

Եվ մի՛ պատճառաբանեք, թե շենքն ուր որ է՝ կփլուզվի, ու մենք կմնանք փլատակների տակ: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքապետարանը մեր՝ բնակիչներիս մասին, որոնք 30 տարուց ավելի ապրում են վթարային շենքում եւ գիտակցաբար վտանգում են իրենց կյանքը, ավելի շատ է մտահոգվում, քան շենքի առաջին հարկում գտնվող սննդի խանութի աշխատողների եւ հաճախորդների մասին, որոնք տեղյակ չեն ո՛չ խանութի հակահիգիենիկ վիճակի, ո՛չ էլ շենքի փլուզման վտանգի մասին: Մի՞թե սա այն ավելի լավ Երեւանն է, որի մասին խոսում էր Տարոն Մարգարյանը»: Հիշեցնենք, որ Շինարարների փողոցի 15 շենքում դեռեւս բնակվող քաղաքացիներին շենքն ազատելու միտումով քաղաքապետարանը դիմել էր տարբեր միջոցների՝ կտրել էր խմելու ջրագիծը, ապա՝ անջատել էլեկտրականությունը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728