Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ մերժեց ամբաստանյալ Արտակ Ավդալյանի պաշտպաններ , ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանի եւ Զարուհի Վարդանյանի ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորն այն համարեց անհիմն, սակայն չանդրադարձավ այն հոդվածներին, որոնց խախտման համար փաստաբաններն իրենց միջնորդությունը հիմնավորել էին:
Փաստաբանը դատավորին մեղադրել էր «հայեցողական վարքագծի առանձին-առանձին դրսեւորումների համար», որն ըստ նրա, իրենց համակցությամբ հիմք են տալիս հետեւություն անելու, որ դատավորը շահագրգռված է սույն գործն արագ ավարտելու մեջ, ինչը խանգարում է բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն կատարելու:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն ինքնաբացարկի միջնորդությունն արել էին ամբաստանյալի երկու փաստաբանները՝ Ռուբեն Բալոյանն ու Զարուհի Վարդանյանը, սակայն դատարանը հղում արեց միայն Ռ.Բալոյանին, մերժելով «նրա» ինքնաբացարկի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին հանդես կգա նոր միջնորդությամբ:
Փաստաբան Զարուհի Վարդանյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի մեքենան 1,5 տարի է, ինչ գտնվում է տուգանային հրապարակում, սակայն նրա վրա տուգանքներ են գալիս, պայմանագիր չքնելու հետ կապված: Այդ տուգանքները օրը 500 դրամ են կազմում:
Նա խնդրեց դատարանին, որպեսզի տեղեկանք տրամադրի, որ գործը քննության փուլում է:
Այս քրեական գործն արդեն իսկ քննվել է այս դատարանում, մեկ այլ կազմով՝ դատավոր Դավիթ Բալայան, եւ Արտակ Ավդալյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ քրեական դատարանը գործը ուղարկել է այլ կազմով քննելու:
Գործը մինչ դատավոր Մարինե Մելքոնյանը, քննել էր դատավոր Վազգեն Ռշտունին:
Արտակ Ավդալյանը իր «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի 55 00 505 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը հատող հետիոտն Գոհարիկ Ավալյանին եւ անզգուշությամբ պատճառել նրան մահ:
Արտակ Ավդալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 19-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ