Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինախախտ» ձվերին թույլ կտան նորից շուկա հանել (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 13:20

«3 ամիս ժամկետանց ձու, ես ձեզ վստահեցնում եմ՝ չկա: Համաձայն իրենց տեխնիկական պայմանների, իրենք մակնշել են 60 օր Հայաստանի Հանրապետություն ներկրվելուց հետո, հաշվի առնելով նաեւ իրենց արտադրության օրը: 25 օրից ավելի այդ ձուն ՀՀ-ում իրացման ենթակա չէ: Այդ ձուն մտել է Հայաստան դեռեւս 25 օրը չլրացած, անգամ կեսին չհասած»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի ղեկավար Վահե Դանիելյանը` անդրադառնալով երեկվանից տարածված այն լուրերին, որ շուկայում հայտնվել են մեծ խմբաքանակով ժամկետանց ներկրված ձվեր:

Պարոն Դանիելյանը նշեց, որ մի քանի օր է՝ շուկայում դիտարկումներ են կատարում, հայտնաբերել են ոչ պատշաճ մակնշված ձվեր, ինչպես նաեւ ժամկետանց ձվեր: Ըստ ծառայության ներկայացուցչի, շուկայից հավաքվում են այդ ձվերը: Իսկ թե ինչ ծավալի մասին է խոսքը, ինչ քանակությամբ ձվեր են շուկայից հավաքվում, պարոն Դանիելյանը չկարողացավ ասել, հավաստիացնելով, որ ամբողջ խմբաքանակի մեջ ժամկետանց ձվերի քանակը քիչ է եղել:

Ինչ վերաբերում է ոչ պատշաճ մակնշմանը, ապա ներկրված ձվերի վրա պիտանելիության ժամկետը նշված է 60 օր, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ, ձվի արտադրության օրվանից պիտանելիության ժամկետն ընդամենը 25 օր է: Ձվերը ներկրվել են Ուկրաինայից: Արդյոք Հայաստանը եւ Ուկրաինան, որոնք նախկին ԽՍՀՄ անդամ են՝ նույն ստանդարտներո՞վ են աշխատում, ԳՕՍՏ-երի նման տարբերություն կլինի, հարցին պարոն Դանիելյանն ասաց.«Մենք իրավունք չունենք չհավատալ այդ փաստաթղթին»:

Լուրեր են շրջանառվում, որ ներկրողը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Սովրանո» ընկերությունն է. լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան, սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչը խուսափեց անուններ տալ. «Ծառայության ուղղվածությունն այլ կողմ է. սննդամթերքի անվտանգություն եւ որակ, մենք այստեղ ոչ մի տնտեսական հարաբերությունների խառնվելու խնդիր չունենք ու ոչ էլ ուզում ենք անուններ տալ»:

Պարոն Դանիելյանը Aravot.am-ի թղթակցին ցույց տվեց մի փաստաթուղթ, որը ձվի մակնշման ձեւն է, ու թեեւ պարոն Դանիելյանը գրիչով ջնջել էր ներկրող ընկերության անունը, սակայն անգամ այդ ջնջումի տակից երեւում էր ընկերության անունը`«Սովրանո»: Երբ բարձրաձայնեցինք, որ այդ փաստաթղթի վրա «Սովրանո» է գրված, պարոն Դանիելյանն անմիջապես հետ վերցրեց այդ փաստաթուղթը, թույլ չտալով լուսանկարել:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչ պատժամիջոց է կիրառվելու օրինախախտ ընկերության նկատմամբ, պարոն Դանիելյանն ասաց, որ ըստ օրենքի 150-200 դրամ: Օրինախախտ ընկերությանն արդեն հանձնարարվել է կրկնապիտակով պիտանելիության նոր ժամկետ փակցնել, որից հետո իրավունք ունեն շուկայում կրկին իրացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728