Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելից՝ «ճնշման լծակի», Մոսկվայից՝ «մտրակ կամ բլիթի» մասին

Փետրվար 12,2014 13:01

Քաղաքական դաշտի գերակշիռ մասը Հայաստանի զարգացման ուղին ամենեւին էլ եվրոպականը չի համարում

Անցյալ շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի շուրջ իրադարձությունները տարբեր քննարկումների, գնահատականների առիթ են դարձել:

Կարծիքներ են հնչում, թե Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի կողմից կայացված որոշումից հետո Եվրոպական խորհրդարանը կոշտացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում եւ ոչ հայանպաստ ձեւակերպումներով է հանդես գալիս, ինչի արդյունքում առաջին անգամ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման։

Այն, որ եվրոպացի պատգամավորները Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ ելույթներ են ունեցել ժամանակ առ ժամանակ՝ դա նոր մարտավարություն չէ: Իսկ Հայաստանի իշխանություններն աշխատանք տարե՞լ են, որպեսզի Հայաստանի կայացրած որեւէ որոշման արդյունքում Հայաստանը չհայտնվի ավելի բարդ իրավիճակում՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Իրականում ոչ Եվրոպան, ոչ էլ Ռուսաստանը, ինչպես ասում են, Հայաստանը չեն սիրում «գեղեցիկ աչքերի» համար: Բոլորն ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը եւ «ժպտում» կամ «ատամ են ցույց տալիս», երբ այդ շահին վնաս են հասցնում:

Խնդիրն այն է, որ Եվրոպայում տեսնում են, որ մենք մեր երկրի ներսում ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ այլ խնդիրների կարգավորման համար ավելի լայն առումով որեւէ իրական քայլ չենք իրականացնում՝ սկսած ընտրությունների թափանցիկությունից, դատական համակարգի անկախությունից, ավարտած ազատական տնտեսության կանոնների հաստատմամբ ու դրանց իրական կիրառմամբ:

Այսինքն՝ մենք չենք կարողանում հատել այն գիծը, որից այն կողմ այլեւս Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի շարունակի «ճնշման լծակ» մնալ Բրյուսելում եւ «մտրակ կամ բլիթ»՝ Մոսկվայի ձեռքում:

Եվ զարմանալ այսօր, թե ինչո՞ւ են եվրոպացիները կոշտացրել դիրքորոշումը այս կամ այն հարցում, միամտություն է: ԵՄ-ն, վստահաբար, կշարունակի Հայաստանի հետ հարաբերվել, բայցեւ, հավանաբար, ԵՄ-ում չեն մոռանա, որ հայաստանյան ողջ քաղաքական դաշտում Մաքսային միության անդամակցության կողմնակիցներն անգամ չկարողացան ներկայացնել առավելություններ, թե ինչու էր դա Հայաստանին հարկավոր, չեն մոռանա նաեւ, որ նույնիսկ նրանք, ովքեր դեմ են գործող իշխանությունների քայլերին, դժգոհ են, որ Մաքսային միության որոշումը իրենք չեն կայացրել, այլ Սերժ Սարգսյանն է կյանքի կոչել՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր դիրքերից:

Այսինքն՝ Հայաստանի քաղաքական դաշտի գերակշիռ մասը, բացառությամբ մի քանի գործիչների ու կուսակցությունների, եկեք ազնվորեն խոստովանենք ու արձանագրենք՝ Հայաստանի զարգացման ուղին ամենեւին էլ եվրոպականը չի համարում: Լավ է, թե վատ եւ ինչու է այդպես՝ սա քննարկման մեկ այլ թեմա է, բայց քանի դեռ Հայաստանի անվտանգության երաշխավորման առումով կան հետեւյալ հարցադրումները՝ ո՞վ է մեր սահմանները ,պահելուե, ո՞վ է մեզ պաշտպանելու, ո՞վ է մեզ էժան զենք վաճառելու եւ ո՞վ է մեզ գազ մատակարարելու, ուրեմն մենք պետք է համակերպվենք, որ կոշտ դիրքորոշումներ միշտ են լինելու, ընդ որում՝ երկու կողմից էլ՝ Արեւմուտքից էլ, Հյուսիսից էլ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լյովա մարտիրոսյան says:

    Եթե տղամադավարի ընկերություն անես թշնամուտ հետ էլ , նա քեզ կհարգի :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728