Երեւանի մամուլի ակումբի նախագահ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆը չի կարող չնկատել. առցանց աղբյուրների ազդեցությունը տեղեկատվական ոլորտում բավական արագ աճում է եւ իջնում է հեռուստատեսություններինը: «Ինձ թվում է, այդ համամասնությունը կշարունակվի փոփոխվել հենց այդ ուղղությամբ. համացանցային ռեսուրսների դերն աճելու է, հեռուստատեսությանը եւ այլ ավանդական լրատվամիջոցներինը` նվազելու: Դրան չի խոչընդոտելու անգամ այն հանգամանքը, որ առցանց լրատվամիջոցների եւ ընդհանրապես տեղեկատվական կայքերի վրա վերահսկողությունն անհամեմատ թույլ է, եւ հաճախ դրանք ապատեղեկատվություն են տարածում` ապակողմնորոշելով ընթերցողին: Նման դեպքում ընթերցողն այնքան խելացի պետք է լինի, որ կարողանա թացը չորից զանազանել եւ հասկանա, թե որ համացանցային աղբյուրին վստահի»:
Բ.Նավասարդյանը հարցի միակ լուծումը սա է համարում, այլ ոչ թե համացանցում լրատվական գործունեությունն արգելելը, ինչն, ըստ նրա, անիրատեսական է եւ անիրագործելի: «Մենք համացանցում շատ լայն տեղեկատվական դաշտ ունենք, որտեղ կարող են գործել ե՛ւ բոլորովին վստահություն չվայելող տեղեկատվության տարածողներ, ե՛ւ միեւնույն ժամանակ բավականին վստահելի աղբյուրներ: Ի վերջո համացանցը բաց տիրույթ է, որտեղ ցանկացած մարդ, ցանկացած կառույց կարող է տեղեկատվական գործունեություն ծավալել:
Մենք պետք է գրագետ սպառող ունենանք, որը կկարողանա այդ ամբողջ տեղեկատվական հոսքի մեջ գտնել այն աղբյուրները, որոնք հավաստի են, վստահելի: Բայց ասել, թե համացանցը ապահովում է վստահելի ինֆորմացիայի տարածումը` ճիշտ չէ, քանի որ, ի տարբերություն ավանդական լրատվամիջոցների` այն շատ բազմազան է: Թերեւս ժամանակի ընթացքում միայն ապատեղեկատվություն տարածող աղբյուրները բացահայտվելով` կդադարեն գոյություն ունենալ, եւ ավելի հուսալի լրատվամիջոցներ կգործեն»:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում