Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում երբեք էլ չեն թաքցրել, որ «աչք ունեն» վարչապետի պաշտոնի վրա. «Հայոց աշխարհ»

Փետրվար 12,2014 12:12

Տեսականորեն կարելի է ենթադրել, որ «հակագազային» եւ հակակուտակային ելույթների հողի վրա համատեղ հանդես եկած 4 ուժերը միգուցե կարող են ինչ-որ հայտարարի գալ նաեւ վարչապետին ու կառավարությանը անվստահություն հայտնելու համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու հարցում: Ասում ենք՝ տեսականորեն, քանզի նախ, իրոք, հարց է, թե որքանո՞վ կհաջողվի պայմանավորվել նույն «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ: Բացի դրանից, ինչ էլ հայտարարվի, դեռ հարց է նաեւ, թե որքանո՞վ անխախտ է ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածությունը:

Սա՝ «տեխնիկական դետալների» առումով: Ընդհանուր անդրադարձի պարագայում դժվար չէ նկատել, որ ոչ իշխանականներից յուրաքանչյուրն իր առանձին շահերն ու հետաքրքրություններն ունի: Ենթադրելի ու նաեւ մասամբ նկատելի է, որ հարցը «սրելու» առաջին ջութակը ՀԱԿ-ն է: Տեր-Պետրոսյանի ակտիվ զինակիցներին անհրաժեշտ է լիովին ռեաբիլիտացվել անցյալ տարվա տապալումից հետո, իսկ իշխանությունների, կոնկրետ՝ կառավարության դեմ նման ելույթը թույլ կտա նաեւ համախմբել համակիրներին ու շարքերը:

Ճիշտ է, ՀԱԿ-ը ստիպված է եղել որոշակի զիջումների գնալ՝ ոչ իշխանական գործընկերների հետ համաձայնության հանգելու համար եւ ոչ թե իշխանափոխության ընդգրկուն հարց է դնում, այլ ավելի նեղ՝ անվստահություն կառավարությանը:

Դա, կարելի է ենթադրել, առավելապես պայմանավորված է ԲՀԿ-ի այլընտրանքային մոտեցումներով: «Բարգավաճ Հայաստանը», որ այդպես էլ կոնկրետ ընդդիմադիր ուժ չդարձավ, գոնե հրապարակավ պատրաստ չէ ելնել իշխանությունների դեմ առհասարակ:

Մյուս կողմից, խստորեն քննադատելով կառավարությանն ու վարչապետի գործունեությունը, ԲՀԿ-ն «ժողովրդի համար» ու ժողովրդի առաջ դեմքը պահելու հարց է լուծում, դիտարկվող հավանական նախաձեռնության մեջ գրավելով ալտի տեղը:

Երրորդ՝ ԲՀԿ-ում երբեք էլ չեն թաքցրել, որ «աչք ունեն» վարչապետի պաշտոնի վրա: Այսինքն՝ ակնկալում են գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու դեպքում իրենց թեկնածուն ունենալ այդ առանցքային պաշտոնում: Հասկանալի է, այլընտրանքն այդ դեպքում կդառնա կոալիցիայի բաղկացուցիչ մաս: Նորից:

Ի դեպ, ոչ իշխանական մյուս երեք ուժերի «ուսերի վրա», ինչպես դա դիտարկվեց, օրինակ, 2012-ի խորհրդարանական ընտրությունների ու «Միասնական շտաբի» գործունեության ժամանակ: Պարզ է նաեւ, որ այս կվարտետում ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» երկրորդ ջութակն ու թավջութակն են՝ ազատ ընտրությամբ, կարեւորը, որ համապատասխան ֆոն ապահովեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728