Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «ՍԴ-ն վերահաստատել է իր որոշումը և նաև շեշտել, որ դա պետք է կատարվի»

Փետրվար 12,2014 11:20

«Սահմանադրական դատարանը վերահաստատել է իր որոշումը և նաև շեշտել, որ դա պետք է կատարվի»,-Aravot.am-ի հարցին ի՞նչ հետևություններ անել Սահմանադրական դատարանի` փետրվարի 11-ի աշխատակարգային որոշումից, այսպես պատասխանեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը, որը Պարտադիր բաղադրիչի սահմանադրականության վիճարկման դիմումով ՍԴ-ում ներկայացուցիչներից մեկն է

Հիշեցնենք, որ ՍԴ-ն ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը: Պատգամավորը, որը նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը:

Արտակ Զեյնալյանը նաև շարունակեց. «ՍԴ-ն ուղղակի հարկ չի համարել վերանայել և փոփոխել իր որոշումը, որը արտացոլել է իր նախորդ որոշման մեջ: Եթե ՍԴ-ն  լրացուցիչ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում  կայացներ, հիմնավորեր և պատճառաբաներ, ապա դա կարող էր անդրադառնալ իրավունքի հարցերին և որոշակի կանխակալ վերաբերմունքի արտահայտություն լիներ: Ընդհանուր իրավիճակը հաշվի առնելով, նաև հաշվի առնելով այն իրավիճակը, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր կայքում տեղադրել է դրա մեկնաբանությունը`դա պետք է որ բավարար լինի պետական մարմինների կողմից ՍԴ որոշումը  կատարելու համար և անձանցից առանց նրանց կամքը հաշվի առնելու գումարներ գանձելու իրավունք չունենալու համար»:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ ՍԴ որոշումը կոչված է կասեցնելու այն հոդվածները և դրույթները, որոնք կարող են բերել անդառնալի փոփոխությունների: Այնուհետև շեշտեց. «Իսկ թե պետական մարմիններն ինչպես են փորձում խորամանկել ու շրջանցել ՍԴ որոշումը, դա այս շրջանակներից դուրս է: ՍԴ-ն ևս մեկ անգամ վերահաստատել և ընդգծել է, որ որոշումը ճիշտ է և պետք է կատարվի և դրան կանդրադառնա կայացվելիք որոշման մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728