Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ որոշումներից բան չի հասկանում ոչ միայն հանրությունը, այլեւ Բարձր դատարանն ինքը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 12,2014 11:14

Սահմանադրական դատարանը հավակնում է տիրանալ Հայաստանի ամենաանհասկանալի կառույցի տիտղոսին։ Այս մրցակցության մեջ, ընդ որում, Գագիկ Հարությունյանի ղեկավարած մարմինը բացարձակ առաջատար է, որովհետեւ նրա որոշումներից բան չի հասկանում ոչ միայն հանրությունը, այլեւ Բարձր դատարանն ինքը։ Մինչ հայ հանրությունը ոգեւորված պնդում է, թե հունվարի 24-ի հանրահայտ որոշումից հետո կարելի է չվճարել պարտադիր կուտակային բաղադրիչի հինգ տոկոսը, եւ աշխատողներ-գործատուներ կոնֆլիկտ է հասունանում այս համատեքստում, Սահմանադրական դատարանն ինքն է բռնում ու հինգ տոկոսները պահում 1974 թվականից հետո ծնված իր աշխատակիցներից։

Ու եթե Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի աշխատակիցները գործադուլ են անում հղում անելով ՍԴ որոշման վրա, անհասկանալի է, թե ինչի վրա պիտի հղում անեն ՍԴ աշխատակիցները, եթե այդ որոշման վրա հրաժարվում է հղում անել նույնիսկ այն մարմինը, որը ընդունել է որոշումը։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են բոլորի համար։ Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի։

Բայց իրականությունն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ինքն իրեն իրավաբանության ռահվիրա, մտքի աղբյուր եւ լույսի ճրագ համարող Գագիկ Հարությունյանը Հայաստանը գցել է հերթական իրավաբանական աջաբսանդալի մեջ։ ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այն դրույթի կիրառումը, որով նախատեսվում է պատասխանատվություն օրենքի դրույթները չկատարելու, այսինքն՝ պարտադիր կուտակային հինգ տոկոսները չվճարելու համար։ Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ն, լրիվ պատահաբար, մոռացել է կասեցնել օրենքի այն դրույթը, որտեղ ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված ա) վարձու աշխատողները, բ) նոտարները, գ) անհատ ձեռնարկատերերը» (հոդված 5):

Այսինքն, ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Պարտադիր կուտակային բաղադրիչը պարտադիր է, բայց Պարտադիր կուտակային բաղադրիչը չկատարելու համար չի կարելի տուգանել։ Այստեղ էլ առաջացել է աջաբսանդալը, բա եթե պարտադիր կուտակային բաղադրիչը պարտադիր է, գործատուն ո՞նց չկատարի օրենքի դրույթը, չէ՞ որ նա պարտավոր է ենթարկվել օրենքին, իսկ օրենքը ասում է, որ կուտակային բաղադրիչը պարտադիր է։ Իսկ եթե ՍԴ-ն ուզում էր կասեցնել այս պարտադիրությունը եւ իրոք հայցի ապահովման միջոց կիրառել, պետք է կասեցներ կուտակային բաղադրիչը պարտադիր համարող օրենքի դրույթները։ Բայց չի կասեցրել, ու նման բան կարող էր լինել երկու պատճառով, իրավական տգիտության կամ էժան աչոկներ հավաքելու ցանկության։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728