Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին մնալու մեկ ճանապարհ ունի։ Ընդ որում՝ ոչ միայն նախագահի աթոռին, այլեւ մեր նոր անկախության պատմության մեջ մնալու՝ որպես երկիրը մեկ քայլ առաջ տարած նախագահ։
Նա պետք է ճամբարափոխ լինի։ Ճամբարափոխ՝ մի քիչ շատ ասացինք։ Նա առնվազն պետք է վեր կանգնի կուսակցականությունից։ Այսպես ավելի ճիշտ է։ Այս պահին Սերժ Սարգսյանն իր կուսակցության գերին է եւ այն ողջ սբրոդի, որին պահի թելադրանքով առաջ է քաշել ու լցրել խորհրդարան՝ աղավաղելով անգամ ՀՀԿ-ի սկզբնական դիմագիծը։
ՍԴ սպասվելիք որոշումը, որն անշուշտ լինելու է ժողովրդի օգտին, լավագույն առիթը կարող է հանդիսանալ Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար։ Ցրել Ազգային ժողովը եւ նոր կառավարություն ձեւավորել՝ ձեռնպահ մնալով կուսակցական-հովանավորչական գործունեությունից։ Այլ կերպ ասած՝ դառնալ հայկական Սահակաշվիլի։ Մի քիչ անհարմար է, բայց ոչինչ։ Հայաստանը մեռնում է, եւ, որպեսզի չմեռնի, պետք է գնալ դրան։
Առաջին՝ պետք համախմբել ողջ ազգային ներուժը եւ լծվել երկրի տնտեսական հիմքերի կառուցման գործին։ Վերջ տալ խորհրդային ժամանակներին հատուկ պիոներական զեկույցներով առաջ գնալու այս արատավոր պրակտիկային։ Հնարավորություններ ստեղծել ներդրումների անընդհատ հոսքերի համար, ընդ որում՝ ոչ միայն օտար պետություններից ու կազմակերպություններից, այլեւ ազգային աղբյուրներից։
Կարդացեք նաև
Երկրորդ, ձերբազատվել քաղաքական դաշտի ձեւական բաժանարարներից եւ քաղաքական դաշտի հիմքում դնել գաղափարական տարանջատումների սկզբունքը։ Սա թերեւս ամենահեշտ իրականացվելիք խնդիրներից մեկն է։ Պարզապես պետք է, որ երկրի ղեկավարը չհովանավորի այս կամ այն ուժին եւ դրանով դեպի այդ ուժը չսիրաշահի այլ, բոլորովին անկապ ցանցառություններ դավանող ուժերի, որոնք, խառնվելով առանցքային ուժին, ստեղծում են մի խառնաշփոթ, որը մեկ անուն ունի՝ թայֆա։
Երրորդ, ժողովրդի մեջ սպանել սպառողական հոգեբանությունը եւ խրոնիկ պասիվության ձգտումը։ Մինչեւ ժողովուրդը չընկալի, որ ինքն է երկրի տերը, արտագաղթը չի դադարելու։ Միայն տանտերը չի լքում իր տունը։ Հակառակ պարագայում հայ մարդու համար միեւնույն է լինելու՝ Ռուսաստանո՞ւմ կապրի առանց տանտիրոջ իրավունքի, թե՞ Հայաստանում։ Ժողովուրդը պետք է իրավունք ստանա սեփական կամքով իշխանություն ձեւավորելու եւ այդ իշխանությանն ստիպելու պաշտպանել իր շահերը։
Ունի՞ Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունները։ Այսօր ունի։ Մեկ-երկու տարի հետո կարող է չունենալ։ Նրան այսօր է պետք դուրս գալ առաջին եւ երկրորդ նախագահների ստվերից։ Երկու տարի հետո դա անելն այլեւս իմաստ չի ունենա։ Ոչ ոք չի հավատա նրա անկեղծությանը։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում