Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը ոչ իշխանական ուժերին. «Մի գոռացեք, չեք վախեցնի». «Առաջին լրատվական»

Փետրվար 12,2014 10:38

 

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանով, վերջին շրջանում գնալով ուժեղանում է Ձեր իշխանության նկատմամբ թե՛ ոչ իշխանական ուժերի, թե՛ քաղաքացիական որոշ խմբերի և թե՛ հասարակության դժգոհությունը: Դժգոհություններ են ծավալվում հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային պայմանագրերի և ընդհանրապես սոցիալտնտեսական ծանր վիճակի շուրջ: Չե՞ք կարծում, որ այդ դժգոհություններն արդարացված են:

– Կարծում եմ, որ կատարյալ իշխանություն, ինչպես նաև կատարյալ ընդդիմություն չկա: Եվ ինձ հայտնի չէ որևէ իշխանություն, որից չեն դժգոհում, ինձ հայտնի չէ որևէ իշխանություն, որը կարողացել է կատարյալ լուծել իր առջև ծառացած խնդիրները: Այլ բան է, որ իշխանությունները պետք է փորձեն հնարավորինս լուծել այդ խնդիրները: Բայց ես առաջարկում եմ համեմատել 7-8 տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ` ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության, հանդուրժողականության, լրատվամիջոցների ազատ աշխատանքի առումով: 7-8 տարի առաջ կայի՞ն նման ազատ դեբատներ: Այն ժամանակ դա Հայաստանի հիմնական խնդիրներից էր համարվում: Այդ տարիների տնտեսական աճի պայմաններում թվում էր, թե դժգոհություններ չպետք է լինեին, բայց դրանց պակասը չկար: Մարդիկ հազարներով միտինգներ էին անում, որովհետև հիմնական խնդիրներից մեկը ժողովրդավարական ազատությունների բացակայությունն էր, ինչը այսօրվա իշխանությունները լուծել են: Ի դեպ, ասեմ, որ այդ տարիների տնտեսական դրական փոփոխությունների պատասխանատուն նույնպես ՀՀԿ-ն է եղել` կառավարության ղեկավար ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին: 1999-ից սկսած ՀՀԿ-ն եղել է մեր երկրի բարեփոխումների, բացասական և դրական զարգացումների պատասխանատուն: Բայց ժողովրդավարության տեսակետից այժմյան Հայաստանը տարբեր է այն ժամանակվա Հայաստանից: Այդ մասին փաստում են թե միջազգային փորձագետները, թե ընդդիմության ներկայացուցիչները:

Դուք որոշակի ազատությունների մասին եք խոսում, բայց տվյալ դեպքում իմ հարցը վերաբերում էր սոցիալտնտեսական կոնկրետ խնդիրների հետ կապված դժգոհություններին:

– Եթե մի երկրում 14,5% տնտեսական անկում է եղել, որտեղ հասարակության 1/3-ը աղքատ է, չի կարող դժգոհություն չլինել: Բայց մենք տարբերվում ենք մեր ընդդիմախոսներից այն բանով, որ միայն դրականը չենք տեսնում, ինչպես իրենք միայն բացասականն են տեսնում: Մենք տեսնում ենք, որ կան խնդիրներ, բայց դրանք խոսելով չեն լուծվում: Նույն ճգնաժամի տարիներին սոցիալական որևէ ծրագիր չի կրճատվել: Հունվարի 1-ից արդեն կենսաթոշակները բարձրացել են, բայց կարող եք ասել` բավարար չէ: Իհարկե, բավարար չէ, բայց բարձրացել են: Հուլիսի 1-ից ավելի քան 230 հազար պետական ծառայողների աշխատավարձն է բարձրանում, բայց, չգիտես ինչու, դա վերագրեցին պատգամավորներին ու նախարարներին` այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդամենը 500 հոգի են: Իհարկե, կան տեղեր, որտեղ մենք թերանում ենք, բայց ինձ համար զարմանալին այն է, որ որոշ քաղաքական ուժեր մի քանի տարի առաջվա բյուջեներին և կառավարության ներկայացրած առաջարկներին կողմ էին քվեարկում: Եվ հաստատ 2010թ. բյուջեն ու ծրագիրը 2013-ից ավելի լավը չեն եղել: Հիմա՞ է վիճակը լավ, թե՞ 2010թ., երբ դեռ ճգնաժամը չէինք հաղթահարել: Խոսքս ուղղում եմ ԲՀԿ-ին: Նրանք 2010թ. Կուտակային կենսաթոշակային օրենքին կողմ են քվեարկել, միտինգներում ելույթ ունեցող իրենց առանցքային գործիչներից մեկը կողմ է քվեարկել: Իսկ այսօր ասում են, թե այն ժամանակ կոալիցիայում ենք եղել: Այսինքն` ընդունում են, որ իրենց համար նախարարական մի քանի աթոռներն ավելի կարևոր են եղել, քան հասարակության շահը:

Բայց այդ 14,5 տոկոս անկումը կամ աղքատության մակարդակը Ձեր իշխանության ձախողումն էին:

– ՀՀԿ-ն ու ՀՀ իշխանություններն այդ ճգնաժամն իրենց տնից չեն բերել, դա համաշխարհային կոլապս էր, որը չշրջանցեց նաև Հայաստանը: Այնտեղ եղել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր: Պետք է նաև նախկին սխալներից դասեր քաղել, և ով է ասել, որ մենք սխալներ չենք ունեցել: Այդ սխալների լավագույն դասն այն է, որ անհրաժեշտ է տնտեսությունը դիվերսիֆիկացնել:

 

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728